Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Թբիլիսում նախագահ Բուշի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ կասկածվող անձը


Վրաստանի իրավապահներին հաջողվել է ձերբակալել մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ «ՌԳԴ» տիպի նռնակ նետելու մեջ կասկասվող անձին:

Միջազգային գործակալությունների փոխանցմամբ, ձերբակալվածը Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վաշլիսջվարի գյուղի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Հարությունովն է:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ գործողություններ են անցկացրել Վաշլիսջվարիում, ուր թաքնվում էր կասկածյալը: Գործողությունների ընթացքում հատուկ ջոկատայինները զոհեր են տվել:

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու, Հարությունովը հրաժարվել է հանձնվել եւ կրակ է բացել ոստիկանների վրա, ինչի արդյունքում, ըստ BBC-ի, զոհվել է Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնի բաժիններից մեկի ղեկավար Զուրաբ Կվալիվիձեն: Մեկ այլ իրավապահ վիրավորվել է:

Ինքը Հարությունովը նույնպես վիրավորվել է, սակայն հասցրել է թաքնվել մոտակա անտառում, որտեղ էլ ձերբակալվել է կազմակերպված շուրջկալի արդյունքում:

Հատուկ գործողության ժամանակ ոստիկանները էվակուացրել էին Վաշլիսջվարիի բնակչության զգալի մասին եւ անջատել փողոցային ողջ լուսավորությունը:

Իրավապահները բավական նյարդային պահվածք են ցուցաբերել՝ ուղիղ եթերում աշխատող վրացական հեռուստաընկերությունների օպերատորները ստիպված էին անընդհատ լեզվակռվի մեջ մտնել ոստիկանների հետ, որոնք պահանջում էին դադարեցնել նկարահանումները եւ պարբերաբար հարվածում էին տեսախցիկներին:

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, այնուամենայնիվ, հաջողվել է ուղիղ եթերում ցուցադրել, թե ինչպես են ոստիկանները վիրավոր Հարությունովին նստեցնում զրահապատ մեքենա:

Վլադիմիր Հարությունովը այժմ գտնվում է Վրաստանի ազգային անվտանգության քննչական մեկուսարանում: Գործակալությունները հաղորդում են, որ ձերբակալվել է նաեւ Հարությունովի մայրը:

Գործողությունից անմիջապես հետո լրագրողները փորձել են տեղեկություններ ստանալ Հարությունովների ընտանիքի մասին: Պարզվել է, որ Վլադիմիր Հարությունովը մեծացել է առանց հոր, վերջին շրջանում գործազուրկ էր, եւ ընտանիքն այսօր բավական անապահով վիճակում է:

«Ներկայումս մենք փորձում ենք պարզել նախագահ Բուշի վրա Հարությունովի չհաջողված մահափորձի շարժառիթները եւ հանգամանքները», - հայտարարել է նախարար Մերաբիշվիլին:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին Վրաստանի իշխանությունները հանդես կգան հայտարարությամբ, որը, գուցե, լույս սփռի մայիսի 10-ի միջադեպի եւ անցած գիշեր իրականացված գործողության վրա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG