Մատչելիության հղումներ

Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերը «տեղեկություններ է տրամադրել կառավարությանը»


«Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը Հայաստանի բաշխիչ ցանցերի հնարավոր վաճառքի հետ կապված երեկ համապատասխան տեղեկություններ է տրամադրել կառավարությանը, եւ չեմ թաքցնում, որ ես նույնպես տեսել եմ այդ բացատրությունները», - չորեքշաբթի օրը լրագրողներին փոխանցեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը:

Նա հավելեց, թե որեւէ մեկնաբանությամբ հանդես գալը այս պահին «խիստ վաղաժամ է համարում», քանի որ «Միդլենդ ռիսորսիզ»-ը նշված բացատրությունը հասցեագրել է կառավարությանը:

«Որոշ ժամանակ անց ես հաճույքով իմ կարծիքն ու մեկնաբանությունը ձեզ հետ կկիսեմ», - ասաց Ռոբինսոնը:

Հայաստանի բաշխիչ ցանցերի հնարավոր վաճառքի խնդրով անհանգստացած է ոչ միայն Համաշխարհային բանկը, այլեւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID)՝ զգուշացնելով, որ «կարող է վերանայել Հայաստանի էներգետիկ ոլորտին տրամադրվելիք օժանադակության փաթեթը»:

«Գործակալությունը մտահոգված է այս իրավիճակով, քանի որ մենք տարիներ շարունակ սերտորեն համագործակցել ենք Հայաստանի կառավարության հետ՝ կոմունալ ծառայությունների թափանցիկությունը եւ պատշաճ կատարումը ապահովող ընթացակարգեր հաստատելու նպատակով», - ասված է գործակալության տարածած հայտարարության մեջ:

Հարցին՝ եթե իսկապես պարզվի, որ անօրինական գործարք է տեղի ունեցել եւ Հայաստանի բաշխիչ ցանցերը վաճառվել են «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերության հիմնած «Ինտերէներգո» ընկերությանը, արդյոք Համաշխարհային բանկը կվերանայի՞ Հայաստանին տրամադրվելիք օգնության ծրագրերը, Ռոջեր Ռոբինսոնը պատասխանեց. - «Հայաստանի կառավարությունը գիտի իմ եւ Համաշխարհային բանկի դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը նույնպես ցանկանում է, որ Հայաստանի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը հարգվեն: Չեմ կարծում, որ Համաշխարհային բանկը պետք է համոզի կառավարությանը, որ Հայաստանի օրենսդրությունը հարգվի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG