Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Համանախագահները տարածաշրջանում անցկացրին ղարաբաղյան կարգավորման հարցերի խորացված քննարկումներ»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ համանախագահները դրական են գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի կատարած իրենց այցի արդյունքները:

«Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան կատարած մեր այցի ընթացքում կայացել են շատ օգտակար հանդիպումներ, հակամարտության կարգավորման հարցերի խորացված քննարկումեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով», - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

Մերզլյակովի խոսքերով, համանախագահները, հավանաբար, կհանդիպեն մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների օգոստոսի 23-ի մոսկովյան հանդիպումը եւ Կազանում կայանալիք նախագահների հանդիպումը:

Արձակուրդների պատճառով համանախագահների հանդիպումը կարող է կայանալ ոչ ամբողջ կազմով, ընդ որում, նրանք նախատեսում են առաջիկա հանդիպումների կազմակերպումը իրականացնել էլեկտրոնային փոստով:

Ռուսաստանցի դիվանագեը նաեւ հայտնել է, որ մինչեւ արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը կողմերի մասնակցությամբ որեւէ հանդիպում նախատեսված չէ: Նա, այդուհանդերձ չբացառեց, որ անհրաժեշտություն առաջանալու դեպքում, կողմերը «կարող են դիմել նման հանդիպում կազմակերպելու խնդրանքով»:

Նա անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր խաղաղ պայմանագրի տեքստի պատրաստման ժամկետների հարցին:

«Եթե կողմերը ցանկանան հանդես գալ համատեղ հայտարարությամբ կամ հռչակագրով՝ դա կարելի է քննարկել: Բայց առայժմ, որքան հասկանում եմ, այդ մասին խոսք չկա», - հայտարարել է Յուրի Մերզլյակովը՝ ավելացնելով. - «Կազանում հանդիպման արդյունքներով հայտարարության կամ հռչակագրի ընդունումը կախված է միայն հակամարտող կողմերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG