Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյան. «Ես կողմ եմ, որպեսզի Երեւանի քաղաքապետը ընտրվի ավագանու կողմից»


Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով մշտապես պաշտպանում էր տեսակետը, թե ավելի նպատակահարմար է, որ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը նշանակովի լինի, երկուշաբթի օրը լրագրողներին ասաց, թե ինքը կողմ է, որ Երեւանի քաղաքապետը ընտրվի ավագանու կողմից:

Սա, հարկ է նշել, հենց այն դրույթն է, որ ամրագրված է Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկված Սահմանադրության փոփոխությունների բարեփոխված փաթեթում:

«Թող լինի ընտրովի կամ նշանակովի՝ ես տարբերություն չեմ տեսնում», - հայտարարեց Զախարյանը: - «Քաղաքային իշխանությունները պատրաստ են դա հաշվի առնելու: Երեւան քաղաքը պատրաստ է այսօր կառավարվելու, աշխատելու, զարգանալու ե’ւ նշանակովի քաղաքապետի պայմաններում, ե’ւ ընտրովի քաղաքապետի պայմաններում: Ես կողմ եմ, որպեսզի Երեւանի քաղաքապետը ընտրվի ավագանու կողմից»:

Մայրաքաղաքի քաղաքապետի կարծիքով, այդուհանդերձ, իրականում քաղաքապետի պաշտոնի ընտրովի դառնալը կամ նշանակովի մնալը այնքան էլ էական չէ. - «Կան արդեն ծրագրեր, կա գլխավոր հատակագիծ, որը ներառում է հիմնական զարգացման հիմնադրույթները, եւ, ընտրովի կլինի քաղաքապետը, թե նշանակովի՝ ուղղակի պարտավոր է ղեկավարվել եւ աշխատել այն որոշումներով եւ օրենքներով, որոնք տվյալ պահին կան»:

Իր՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությանը վերաբերող հարցին, Զախարյանը պատասխանեց, թե չի ուսումնասիրել՝ պարզելու իր հնարավորությունները եւ հավելեց, թե այդ մասին մտածելու «դեռ բավականին ժամանակ կա»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG