Մատչելիության հղումներ

Սոչիում շարունակվում են Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի բանակցությունները


Սոչիում երկուշաբթի օրը շարունակվելու են բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկելու են ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցեր, իրավիճակը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում, Կիպրոսի հիմնախնդիրը եւ համագործակցությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում:

«Իրատեսական է համարում առաջիկա տարիներին ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 25 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը (ներկայումս այն 10 միլիարդ է)», - կիրակի օրը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:

«Բայց ոչ միայն առեւտուրն է հետաքրքրություն ներկայացնում: Շատ ուղղություններով կան հեռանկարային խնդիրներ, որոնք մենք կարող ենք արդյունավետ լուծել», - շարունակել է Ռուսաստանի նախագահը՝ առանձնացնելով ներդրումային քաղաքականությունը, էներգետիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները:

Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ վերջին 3 տարվա ընթացքում «երկու պետությունների միջեւ հարաբերություններում լուրջ փոփոխություններ են եղել, հատկապես՝ մշակույթի, քաղաքականության եւ տնտեսության բնագավառներում»:

«Մեր երկրների միջեւ զարգացող հարաբերությունները ցույց են տալիս, թե որքան կարող են դրանք զարգանալ ապագայում», - հայտարարել է Էրդողանը՝ հատուկ կարեւորելով էներգետիկայի ոլորտում կատարված քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG