Մատչելիության հղումներ

Թուրք դիվանագետը հաստատում է «շփումները Հայաստանի իշխանությունների հետ»


Հայաստանն ու Թուրքիան չեն հերքում հաղորդագրությունները, թե վերջերս «եվրոպական քաղաքներից մեկում» հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների պաշտոնական շրջանակների ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպման մասին առաջինը հաղորդել էր CNN-Turk հեռուստակայանը: Իսկ «Հյուրիեթ»-ը այսօր հաղորդել է, թե թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ահմեթ Ուզումչուն եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգյորը: Անհայտ է, մինչդեռ, թե ովքեր են ներկայացրել հայկական կողմը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, բառացիորեն կրկնեց նախորդ օրը հրապարակվածը: Այն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ շփումները «եղել են եւ շարունակվում են», եւ դրանք անցնում են «միջին օղակի մակարդակով»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց հանդիպման փաստը, սակայն հրաժարվեց մանրամասնելուց:

«Ես չեմ կարող մանրամասներ հայտնել հանդիպման մասին», - ասաց նա: - «Եվ եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, դա հստակ կշարադրեինք մեր հաղորդագրության մեջ, որը տարածել ենք մի քանի օր առաջ»:

«Մենք նախկինում եւս ունեցել ենք նման հանդիպումներ եւ սրանք ինչ-որ տեղ սովորական են», - շարունակեց նա: - «Մենք հայերի հետ հանդիպում ենք, երբ կա դրա անհրաժեշտությունը... Շփումներ ունենք նաեւ Հայաստանի իշխանությունների հետ»:

Նամիկ Թանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը այդ հանդիպման ընթացքում՝ ասելով, թե անգամ չի կարող հաստատել դրա թուրք մասնակիցների մասին մամուլի տեղեկատվությունը:

«Եվ, բնականաբար, չգիտեմ էլ, թե ով է մասնակցել հայկական կողմից», - ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է գաղտնի հանդիպման անցկացման վայրին, ապա, հաշվի առնելով, որ թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել է Վրաստանում այդ երկրի դեսպանը, ենթադրելի է, որ այդ քաղաքը Թբիլիսին է: Նման ենթադրության օգտին է խոսում նաեւ այն, որ անցած ամիս Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Քոչարյանի միջեւ նամակների փոխանակությունը տեղի է ունեցել Թբիլիսիում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանությունների միջոցով:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG