Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ղարաբաղյան կարգավորման բանալին պետք է փնտրել Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ բանակցություններում, իսկ վերահսկելի տարածքների եւ փախստականների հարցերում հենց Ստեփանակերտը կարող է պատասխանատվություն կրել», - «Ազգ»-ի հարցազրույցում ուղենշում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան խնդրի հետ կապված որեւէ զարգացում, կամ որեւէ նախնական պայմանավորվածություն չեն կարող կենսագործվել «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության եւ մասնակցության, առանց հարցերը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ քննարկելու»: «Այդ իմաստով մենք պետք է հանգիստ լինենք, սպասենք տեսանելի արդյունքների... Առայժմ այդ արդյունքները չկան», - ընդգծում է Արման Մելիքյանը:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամներից Սամվել Նիկոյանը, անընդունելի համարելով Ղարաբաղի կարգավորման համար «հետաձգված հանրաքվեի» տարբերակը, «Հայոց աշխարհ»-ում նկատում է. - «Դա կարող է ունենալ շատ անցանկալի հետեւանքներ, որովհետեւ 10-15 տարում Ադրբեջանը նախ կփորձի այդ տարածքներում նորից վերաբնակեցնել ավելի շատ բնակչություն, քան կար հակամարտության սկզբում եւ ապա՝ բնական բարձր աճի հաշվին կփորձի այդ հանրաքվեով խնդիրը լուծել իր օգտին»: Նիկոյանի կարծիքով, հանրաքվեն պետք է անցկացվի մեկ տարվա ընթացքում, եւ դրանով կարգավիճակի հարցը վերջնականապես լուծվի. - «Դրանից հետո արդեն կարելի է անել ինչ-որ փոխզիջումներ»: «Սա միակ տարբերակն է, որին հայկական կողմը կարող է համաձայնվել», - ասում է Սամվել Նիկոյանը:

«168 ժամ» թերթի ձեւակերպմամբ, անկախ համանախագահների փիլիսոփայական հայտարարություններից, ակնհայտ է, որ ինչ-որ համաձայնագիր, այնուամենայնիվ, նախապատրաստվում է. - «Ինչպես որ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը լինելու է փուլային կարգավորման սկզբունքով՝ որքան էլ իշխանություններն այն անվանեն փուլափաթեթային»: «98 թվականին Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ ղարաբաղյան հարցը փաթեթային տարբերակով լուծելու եւ «8 հազար քառակուսի կիլոմետր Ղարաբաղի» կարգախոսերով: Չստացվեց: Արդյունքում Հայաստանը կորցրեց 7 տարի, դուրս մնաց տարածաշրջանային բոլոր քաղաքական եւ տնտեսական ծրագրերից, եւ այսօր ստիպված է համաձայնել այն տարբերակին, որն առաջարկվում էր 97 թվականին, իհարկե՝ ավելի վատ պայմաններով ու ավելի անորոշ հեռանկարներով», - գրում է թերթը՝ եզրահանգելով. - «Այսօր Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ պետք է անի նման համաձայնագրից խուսափելու համար»:

Նույն թերթի հարցազրույցում Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող ղարաբաղյան կարգավորման տարբերակին, ասում է. - «Հարցն անպայման պետք է լուծվի փոխադարձ զիջումներով, եթե ուզում ենք հասնել խաղաղության: Բայց այդ փոխզիջումները պետք է լինեն ո’չ մեր ժողովրդի անվտանգության, ո’չ էլ ազգային արժանապատվության հաշվին... Միշտ զգուշավոր եմ այս հարցի վերաբերյալ հստակ հայտարարություններ անելուց, որովհետեւ պատասխանատվության աստիճան կա»: Անդրադառնալով ընդդիմադիրների բոյկոտին, Բաղդասարյանը նշում է. - «Սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցել-չմասնակցելու խնդիրն ընդդիմության գործն է: Որպես Ազգային ժողովի նախագահ, բազմիցս փորձել եմ նրանց հրավիրել ու քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպել: Հիմա այդ հարցի շուրջ ես նորից նպատակահարմար չեմ գտնում հրավիրել: Եթե հրավիրեմ՝ գան, նոր բան չեն ասելու»:

«Երեկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը դուրս չէր գալիս կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունների սենյակներից՝ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելով ընդդիմության հերթական հայտարարության ուլտիմատումների բլոկը», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Քննարկումների արդյունքում կոալիցիան Շավարշ Քոչարյանին առաջարկել է ընդդիմությանը փոխանցել, որ իրենք կարող են մասնակցել օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին եւ իրենց բոլոր առաջարկները հնչեցնել ու հիմնավորել հենց Ազգային ժողովի ամբիոնից»: «Չնայած «Հանրապետություն» կուսակցությունում վստահ են, որ ընդդիմությունը չի ուտի կոալիցիոն այդ կուտը, չի մասնակցի արտահերթ նիստին եւ միջազգային հանրությանը չի ցուցադրի իշխանություն - ընդդիմություն համերաշխության կատարյալ դիմանկար, այնուամենայնիվ «Հանրապետության» լավատեսությունն առանձնապես հիմքեր չունի», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

Ի պատասխան քննադատությանը, թե Երեւանի քաղաքապետի անուղղակի՝ ավագանու կողմից ընտրությունը աննպատակահարմար է, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը «Առավոտ»-ում հակադարձում է. - «Հակառակը: Սա հնարավորություն կտա քաղաքական ուժերին, որ Երեւանի, ենթադրենք 40 ավագանիների տեղերից փորձեն նվաճել 20-ը: Թող առաջադրեն իրենց թեկնածուներին, քարոզեն, պայքարեն, աշխատեն մեծամասնություն ստանալ եւ իրենք ընտրեն Երեւանի քաղաքապետին... Սա շատ լավ տարբերակ է եւ, իմ կարծիքով, շատ մեծ հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժերին»: Թերթի դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունը արդեն իսկ հակված է ավագանու կողմից ընտրության տարբերակին, Հովիկ Աբրահամյանը պատասխանում է. - «Ճիշտ ասած՝ այո»:

«Հայկական ժամանակ»-ը, փաստելով, որ Արտաշես Գեղամյանի վերջին ելույթները տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» թերթում, հավելում է. - «Իսկ այդ թերթը, ըստ ընդդիմության մի ներկայացուցչի, առանց նախագահական նստավայրից իջեցված հատուկ հրահանգի, երբեք ընդդիմության ներկայացուցչի ելույթ չէր տպագրի... Սա հիմք է տվել ընդդիմադիր որոշ գործիչների եզրակացնելու, որ Գեղամյանն է հենց այն թեկնածուն, որը կոալիցիայի նոր Սահմանադրության ընդունումից հետո դառնալու է Երեւանի քաղաքապետ՝ դրանով բաց թողնելով նաեւ ընդդիմադիր էլեկտորատի բողոքական գոլորշին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG