Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընկերությունը հերքում է, թե գնել է Հայաստանի բաշխիչ ցանցերը


«Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերությունը չորեքշաբթի օրը հերքել է, թե Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը 73 միլիոն դոլարով գնել է իր հիմնած «Ինտերէներգո» ընկերությունը: Այդ գործարքի մասին խոսակցությունները հարուցել են Համաշխարհային բանկի խիստ մտահոգությունը:

Անցած շաբաթ հրավիրած ասուլիսում Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը ասել էր, թե ինքը կարդացել է «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՈ ԵԷՍ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հրապարակված ֆինանսական հաշվետվությունը, որի վերջին պարբերությունում գրված է, թե ռուսաստանյան ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը։

Հայաստանի էլեկտրացանցի ներկայիս սեփականատեր «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» ընկերությունը կտրականապես ժխտում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի փաստը՝ պնդելով, թե ընդամենը «Ինտերէներգո» ընկերությանն է փոխանցել բաշխիչ ցանցերի կառավարման իրավունքը։

«Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Տատյանա Միլյաեւան «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը թեեւ ասաց, որ «Միդլենդ հոլդինգ»-ը «այնքան էլ իրավացի չէ», այդուհանդերձ, պաշտոնապես հայտարարեց. - «Ինտերէներգո» ընկերությանը սեփականության իրավունք չի փոխանցվել: «Ինտերէներգո»-ին միայն բենեֆիցիարն է տրաստային համակարգով, եւ սեփականության փոփոխություն տեղի չի ունեցել»:

Սա բարդ ֆինանսական տերմին է, եւ խոսքը, ըստ էության, եկամուտների կառավարման մասին է:

Իսկ ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ նշվածը, թե բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը գնվել է 73 միլիոն դոլարով, նրա ձեւակերպմամբ, պարզապես «սխալ տեղեկություն է»:

«Սխալ բանաձեւ է այդ տեղեկության մեջ, եւ մենք այդ հաշվետվությունն արդեն հանել ենք մեր ինտերնետային էջից», - ասաց Միլյաեւան:

Հուլիսի 8-ին հրավիրած ասուլիսում Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուիցչ Ռոձեր Ռոբինսոնը ասել էր, թե ՀԲ-ն բաշխիչ ցանցերի կապակցությամբ բացատրություն է պահանջում Հայաստանի կառավարությունից:

Չորեքշաբթի օրը Ռոբինսոնը, ի պատասխան լրագրողների հարցման, ասաց, թե գրավոր որեւէ հարցում Հայաստանի կառավարությանը չի ուղարկվել:

«Գրավոր որեւէ հարցում չենք ներկայացրել», - ասաց Ռոբինսոնը: - «Ոչ ֆորմալ կերպով խոսում ենք Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել: Եվ ես գիտեմ, որ այլ միջազգային դոնորներ նույնպես նման խոսակցությունների մեջ են»:

Նա ասաց նաեւ, որ առաջիկա օրերին նախատեսում է ոչ ֆորմալ քննարկում կառավարության ներկայացուցիչների հետ:

«Երբեմն ոչ ֆորմալ պարզաբանումներն ավելի արդյունավետ են», - ավելացրեց նա: - «Խնդրի մասին մենք ամենեւին չենք մոռացել: Սա մեր օրակարգի առաջնային հարցերից մեկն է»:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG