Մատչելիության հղումներ

Մադլեն Օլբրայթ. «Ադրբեջանի ապագան կախված է ժողովրդավարական ընտրություններից եւ թափանցիկ բյուջեից»


Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Մադլեն Օլբրայթը Բաքվում երեքշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանի ապագան կախված է «ժողովրդավարական ընտրություններից եւ թափանցիկ բյուջեից»:

«Ձեր բախտը բերել է, որ դուք նավթ ունեք: Նավթի վաճառքից ստացված եկամուտների ճիշտ բաշխման եւ թափանցիկ բյուջետային քաղաքականության իրականացման դեպքում Ադրբեջանին շատ մեծ զարգացում է սպասում», - ըստ «Թուրան» գործակալության, հայտարարել է Մադլեն Օլբրայթը:

Հուլիսի 11-ին Ադրբեջան ժամանած Օլբրայթը երեքշաբթի օրը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնակցել է խորհրդարանական ընտրություններում կնոջ դերի ավելացմանը նվիրված կլոր սեղանի աշխատանքներին:

Հանդիպումների ընթացքում Մադլեն Օլբրայթը նշել է, թե իր ղեկավարած Ժողովրդավարության ազգային ինստիտուտը Ադրբեջանում նախապատվություն չի տալիս որեւէ կուսակցության՝ ձգտելով օգնել բոլոր կառույցերին:

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, երկրի իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG