Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամը 60 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում նոր ծրագրերի իրականացմանը


Սփյուռքահայ մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը ուրբաթ օրը հայտարարել է, որ 60 միլիոն դոլար է հատկացնելու ենթակառուցվածքների երեք նոր ծրագրերի իրականացման համար:

Կալիֆորնիայի նահանգի Բեվերլի Հիլզում գտնվող «Լինսի» հիմնադրամի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, աշխատանքները կսկսվեն անհրաժեշտ հավանությանն արժանանալուց եւ Հայաստանի կառավարության ու հիմնադրամի միջեւ համապատասխան համաձայնագրերի ստորագրումից հետո: Հայաստանի կառավարությունը ծրագրերը կիրականացնի «Լինսի» հիմնադրամի օժանդակությամբ:

Հիմնադրամի հատկացրած 60 միլիոն դոլարը կօգտագործվի դպրոցների հիմնանորոգման, Երեւանի փողոցների, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր ավտոճանապարհների բարեկարգման նպատակով:

«Լինսի» հիմնադրամը Հայաստանում արդեն հաջողությամբ իրականացրել է ենթակառուցվածքների արդիականացման 150 մլն դոլարի ծրագիրը, որ ներառել էր մոտ 490 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների, 5 կամուրջների, 2 թունելների, Երեւանի կենտրոնական 17 փողոցների եւ Հանրապետության հրապարակի, աղետի գոտում 3674 բնակարանների եւ Հայաստանի 34 մշակութային օջախների շինարարություն եւ վերանորոգում:

Բացի այդ, «Լինսի» հիմնադրամը 20 մլն դոլարի վարկեր է տրամադրել հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG