Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար քրեական պատժի վերացումը Թուրքիայում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին հինգշաբթի օրը ԵԱՀԿ անունից ողջունել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում «ի պաշտպանություն հայոց ցեղասպանության արված հայտարարությունների համար քրեական պատիժ նախատեսող հոդվածի վերացումը»:

Բաքվում լույս տեսնող «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, Խարաշտին գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքից հանվել են 305 հոդվածի («Թուրքիայի ֆունդամենտալ ազգային շահերը վիրավորելու մասին») երկու կետերը: Դրանցից առաջինը քրեական պատիժ էր նախատեսում Կիպրոսի տարածքից Թուրքիայի զինված ուժերի դուրսբերումը պահանջող, երկրորդը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Հայաստանի պահանջները պաշտպանող անձանց համար:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունել է նաեւ լրագրողների շահերի պաշտպանությանը առնչվող 7 փոփոխությունների ընդունումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ օրենսգրքում դեռ «վերանայման կարիք ունեցող կետեր կան»:

Թուրքիայի խորհրդարանը Քրեական օրենսգրքի փոփոխությունները ընդունել է հունիսի 29-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG