Մատչելիության հղումներ

Հայաստանում են Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները


Վրաստանի խորհրդարանի 5 հայազգի պատգամավորները հինգշաբթի օրը Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ, ինչպես նաեւ` Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովներում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ այցի ընթացքում հատկապես մաքսային, հարկային խնդիրների շուրջ հարցեր են քննարկելու:

Այս տարվա հունվարի 1-ից, օրինակ, Վրաստանը Հայաստանից երկիր մտնող փոխադրամիջոցներից տուրք չի գանձում, մինչդեռ, Հայաստանը վրաստանյան ամեն մարդատար ավտոմեքենայից 50 դոլար է գանձում:

Այս կապակցությամբ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այդ հարցը հանրապետության նախագահի հանձնարարությամբ քննարկվում է, եւ, իմ կարծիքով, առաջիկայում դրական լուծումներ կստանա»:

«Կառավարությունը քննարկել է, որ մինչեւ 3 տոննա բեռնվածության մեքենաները ազատել է ճանապարհային հարկերից», - շարունակեց նախարարը: - «Բայց, քանի որ Վրաստանը ամբողջությամբ է ազատել տրանսպորտային միջոցներին ճանապարհային հարկերից, հանրապետության նախագահի հանձնարարությամբ մենք քննարկում ենք նաեւ [մեր կողմից] ամբողջությամբ ազատելու տարբերակը»:

Հունիսի 27-ին Վրաստանի Ծալկայի շրջանում ներքին գործերի նախարարության հատուկջակատայինները հրազենից վիրավորել էին տեղի բնակիչ Լեւոն Նազարեթյանին: Այդ առիթով բողոքի ցույցեր եղան, ինչպես Ծալկայում, այնպես էլ Երեւանում, որտեղ ցուցարարները միջադեպը կապում էին ջավախքահայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքի հետ:

Միջադեպի կապակցությամբ Ծալկա էին մեկնել Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Բայբուրդյանը:

«Օրենքը պետք է լինի բոլորի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վան Բայբուրդյանը: - «Եթե այդ հատուկ ջոկատը գտնվում է Ծալկայում, հատուկ ջոկատը իրավունք չունի դուրս գալու եւ, ասենք, պարեկային ինչ-որ գործողություններ անելու: Մեղավոր էր նաեւ Լեւոն Նազարեթյանը, որը չկանգնեցրեց մեքենան, բայց, միեւնույն ժամանակ, նա վախենում էր, որովհետեւ կան փաստեր, երբ կանգեցնում են եւ անտեղի ծեծում են»:

«Այստեղ Երեւանում ցույցեր արեցին Վրաստանի դեսպանութայն մոտ», - շարունակեց Բայբուրդյանը: - «Մարդիկ նույնիսկ աշխարհագրությունը չգիտեն, որ Ծալկայի շրջանը չի մտնում Ջավախքի մեջ: Չի կարելի ամեն ինչին քաղաքական երանգ տալ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG