Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Վրաստանին կհատկացնի 200 միլիոն դոլար


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին չորեքշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է, թե երկու շաբաթից Թբիլիսին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգներից 200 միլիոն դոլարի անհատույց օգնություն կստանա:

Ռուսաստանյան «ՌԲԿ» լրատվական գործակալութան փոխանցմամբ, այդ միջոցները կօգտագործվեն Վրաստանը սնող մայր գազատարի վերականգման աշխատանքների համար, սակայն վարչապետ Նողաիդելին չի հստակեցրել, թե որքան գումար է ծախսվելու այդ ծրագրի իրագործման նպատակով:

Վրաստանի պետական գրասենյակից հայտնել են, որ մինչ այդ ամերիկյան օգնությունը նախատեսվում էր ուղղել հիդրոէլեկտրակայանի կառուցմանը՝ «ապահովելու էներգետիկ անկախությունը Ռուսաստանից»:

Նշված գազատարը ցանկանում է գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը, սակայն այդ գործարքին, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, դեմ էր ԱՄՆ-ի ղեկավարությունը: Հարցում վերջակետը դրել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը՝ Վրաստանին խորհուրդ տալով ռազմավարական նշանակություն ունեցող գազատարը պահպանել որպես պետական սեփականություն՝ օգտվելով ԱՄՆ ֆինանսական աջակցությունից:

Վրաստանցի փորձագետների կարծիքով, երկիրը բավական ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ ՀԷԿ-ի համար անհրաժեշտ գումարները պետք է հայթայթի ներքին աղբյուրներից: Ըստ որոշ տեղեկությունների, Համաշխարհային բանկը խոստացել Վրաստանի կառավարությանը ստեղծել ներդրողների խումբ՝ դեռեւս խորհրդային տարիներին «կանաչների» պահանջով Արեւմտյան Վրաստանի Խուդոնի ՀԷԿ-ի «սառեցված» շինարարությունը վերականգնելու նպատակով: Շինարարության նախագծային արժեքը շուրջ 700 միլիոն դոլար է:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վերջերս հայտարարել էր, թե սեպտեմբերից կսկսվի նաեւ գազատուրբինային էլեկտրակայանների կառուցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG