Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը չի ընդունվել


Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 14-րդ տարեկան նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը:

Ադրբեջանական «Էխո» թերթի փոխանցմամբ, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սատար Սաֆարովը հայտնել է, որ քննարկումների արդյունքներով Լենմարկերի զեկույցը չի ստացել բանաձեւի ուժ:

«Նստաշրջանի քննարկմանը մենք առաջարկել էին մեր տարբերակը, Լենմարկերը՝ իրենը», - նշել է Սաֆարովը, - «Մեր զեկույցը մերժվեց, իսկ մեզ չգոհացրեցին Լենմարկերի զեկույցի որոշ դրույթներ: Այն պատճառով, որ նա չկանկացավ գնալ փոխզիջումների, տարբերակներից ոչ մեկը չընդունվեց»:

Սատար Սաֆարովը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցչի զեկույցի հիման վրա պատրաստել է առաջարկների փաթեթ, որը առաջիկայում կներկայացնի Գորան Լենմարկերին:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 14-րդ տարեկան նստաշրջանում 55 երկրների խորհրդարանականներ ընդունել են Վաշինգտոնյան հռչակագիրը, որում շեշտը դրված է քաղաքական, տնտեսական եւ մարդու իրավունքների հիմնահարցերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG