Մատչելիության հղումներ

Դուբայում կողոպուտի համար ձերբակալված հանցախմբի անդամներից 3-ը հայեր են


Արաբական Միացյալ Էմիրություններից Դուբայում ոստիկանությանը հաջողվել է անցած ուրբաթ ձերբակալել երեք հայերից եւ մեկ ռուսաստանցուց բաղկացած ավազակախումբը, որը փորձել էր կողոպտել Դուբայի ոսկերչական խանութներից մեկը:

Դուբայում լույս տեսնող «Խալեջ Թայմզ» թերթը հաղորդում է, թե կողոպտիչները մուտք են գործել խանութ՝ հույս ունենալով, որ հանցագործությունը չի բացահայտվի մինչեւ շաբաթ, երբ նրանք արդեն կլինեն այլ էմիրությունում:

Հանցագործները գողացել էին 243 ժամացույց, 180 արեւային ակնոց եւ զարդեղեն՝ 2,1 միլիոն դիրհամ արժողությամբ (ավելի քան 600 հազար դոլար): Նրանք նաեւ կոտրել էին խանութի դրամարկղը, սակայն այնտեղ կանխիկ փող չի եղել:

Դուբայի ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հանցագործությունը եւ ձերբակալել ավազակային խմբի անդամներին: Ոստիկանապետ Իբրահիմ Խալիլը հայտնել է, թե կողոպտիչները սկզբից հրաժարվել են իրենց մեղավոր ճանաչել, սակայն փաստերի ճնչման տակ ընդունել են իրենց մեղքը:

Ոստիկանապետը նաեւ ասել է, թե հանցագործ խմբի անդամների մասին տեղեկություններ ստանալու նպատակով իշխանությունները դիմել են Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG