Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Հայերի անվտանգության ապահովման լավագույն միջոցը Ղարաբաղը Հայաստանին միավորելն է»


Երեքշաբթի օրը Վաշինգտոնում անցնող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նստաշրջանում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցի քննարկումը:

«Նշանակելով Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ՝ մենք մտադիր էինք բանակցային գործընթացին ներգրավել Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականներին», - նիստից հետո «ԱզերԹաջ» գործակալությանն ասել է Լենմարկերը: - «Ճիշտ է, կառավարությունները բանակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն հիմնախնդրի կարգավորման գործում կարեւոր դեր են խաղում նաեւ խորհրդարանականները: Անձամբ ես գործընթացին կներգրավեի նաեւ համայնքներին եւ կողմերի լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

Իսկ Բաքվի «Զերկալո» թերթին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Սատար Սաֆարովը հայտնել է, որ դռնփակ քննարկման ժամանակ շվեդ պատգամավորը հայտարարել է, թե «Եվրոպայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն անընդունելի է, քանի որ կարող է հանգեցնել բազում բացասական հետեւանքների»:

«Միեւնույն ժամանակ Գորան Լենմարկերը կարծիք է հայտնել, թե հայերի անվտանգության ապահովման լավագույն միջոցը Ղարաբաղը Հայաստանին միավորելն է», - հայտնել է Սաֆարովը՝ ավելացնելով, թե «հողեր նվիրելու հաշվին ձեռք բերված խաղաղությունը ոչ մեկի համար ընդունելի չէ»:

Ինչ վերաբերում է քննարկումների հնարավոր արդյունքներին, ապա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությանը տեղեկացրել են, թե «մինչեւ Կազանում կայանալիք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդես գան հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG