Մատչելիության հղումներ

Հայ փորձագետի այցը Բաքու հարուցել է Ադրբեջանի ծայրահեղականների բողոքը


Հուլիսի 4-ին Բաքվում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Փախստականների հարցերով կոմիտեի կազմակերպած սեմինարին մասնակցել է նաեւ հայաստանցի փորձագետ, «Վերադարձ Հայք» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Մելիք -Փաշաեւը, որը հանդես է եկել փաստաղթերի եւ ունեցվածքի վերադարձման մասին զեկուցմամբ:

«Ազերիպրես» գործակալության փոխանցմամբ, ծնունդով բաքվեցի Փաշաեւը լրագրողներին ասել է, թե իրեն «անհանգստացնում են փախստականների խնդիրները ե’ւ Ադրբեջանում, ե’ւ Հայաստանում, ե’ւ աշխարհի մյուս երկրներում, քանի որ ինքը լավ գիտի, թե ինչ է նշանակում փախստական լինելը»:

«Ես չեմ ցանկանում վերադառնալ Բաքու, քանի որ այստեղ հակահայկական քարոզչություն է տարվում, եւ իմ բնակարանը ինձ արդեն չեն վերադարձնի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման մեջ երկու կողմն էլ մեղավոր են: Խնդիրը կարող է լուծվել միայն երկկողմ համագործակցության հաստատմամբ, հարգելով մարդու իրավունքները՝ անկախ նրա ազգային կամ կրոնական պատկանելությունից», - հայտարարել է Ռոբերտ Մելիք-Փաշաեւը:

Բաքվում նրա գտնվելու կապակցությամբ բողոք է արտահայտել Ադրբեջանի ծայրահեղական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որն իր հայտարարության մեջ նշել է, թե «Հայաստանի որեւէ ներկայացուցչի մասնակցությունը Բաքվում ընթացող ցանկացած միջոցառման բխում է Հայաստանի կողմից հետեւողականորեն իրականացվող քաղաքականությունից եւ հարվածում է Ադրբեջանի պետական շահերին»:

Պահանջելով «անհապաղ վտարել Հայաստանի ներկայացուցչին Ադրբեջանից»՝ կազմակերպությունը սպառնում է, որ «հակառակ դեպքում. օգտագործելով մեր հնարավորությունները, մենք ինքներս կհասնենք դրան, եւ այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի այցի համար հնարավորություններ ստեղծած իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների վրա»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG