Մատչելիության հղումներ

Սահմանի վերաբացումը «գրեթե ոչինչ չի տա Հայաստանին»


Հայ-թուրքական սահմանի վերաբացումը, գոնե մոտ հեռանկարում, տնտեսական առումով գրեթե ոչինչ չի տա Հայաստանին. այդպիսին է Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) փորձագետների ծավալուն հետազոտության հիմնական եզրակացությունը։

Ըստ կենտրոնի գրոծադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, ուսումնասիրությունը կատարվել էՀայաստանի կառավարության պատվերով՝ գերարդիական մաթեմաթիկական մոդելի կիրառմամբ:

AEPLAC-ի փորձագետների հաշվարկներով, արտաքին առեւտրի ներկա իրողությունների պայմաններում հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում Հայաստանը ընդամենը 20 միլիոն դոլարի տնտեսում կունենա։ Ավելին՝ կենտրոնի փորձագետ, Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանի գնահատականներով, հայ-թուրքական սահմանի վերաբացումը կարճաժամկետ հատվածում Հայաստանին ոչինչ չի տա։

«Մենք կարող ենք ապրել նաեւ առանց այդ ճանապարհների», - օրերս հայտարարել էր Եղիազարյանը՝ հավելելով, թե «հանուն հայ-թուրքական սահմանի վերաբացման չարժե քաղաքական զիջումներ անել Թուրքիային»։

Մի խոսքով, այս կենտրոնի փորձագետները վստահեցնում են, թե Թուրքիային արվելիք քաղաքական զիջումները համարժեք չեն լինի հնարավոր տնտեսական օգուտներին։

Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական անհեռանկարայնության մասին ժամանակին արտահայտվել են նաեւ Հայաստանի բարձրաստիճան ղեկակավարները։ Մասնավորապես, արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի առիթով ասել էր, թե Հայաստանը «ի վիճակի է զարգանալ, եթե նույնիսկ Թուրքիայի հետ սահմանը 100 տարի էլ փակ մնա»։

Հայ - եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի փորձագետները, այդուհանդերձ, ենթադրում են, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման դեպքում Եվրոպայի հետ Հայաստանի առեւտուրը, որ այժմ իրականացվում է սեւծովյան նավահանգիստներով, կտեղափոխվի միջերկրածովյան նավահանգիստներ։

Ուշագրավ է, որ AEPLAC-ի փորձագետները իրենց վերլուծություններում Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրի հնարավոր զարգացումների հաշվարկների հիմքում պաշտոնական թվերն են դրել. ըստ այդմ Հայաստան Թուրքիա տարեկան առեւտրի ծավալը չի անցնում 2 միլիոն դոլարից։

Հայտնի է, սակայն, որ այդ առեւտուրը միջնորդավորված է երրորդ երկրներով ու իրական ծավալներով շատ ավելի մեծ է։ Թուրքական կողմի գնահատականներով, հայ -ուրքական առեւտրի տարեկան ծավալները անցնում են 120 միլիոն դոլարից:

Համաշխարհային բանկի փորձագետների գնահատումներով, մինչդեռ, հայ-թուրքական սահմանի վերաբացման օգուտները կարող են տարեկան 700 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլարի հասնել։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG