Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հիմնախնդիրը արծարծվել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության խորհրդաժողովում


Հունիսի 28-ին Եմենի մայրաքաղաք Սանայում մեկնարկել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ պետությունների արտգործնախարարների 32-րդ խորհրդաժողովը:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որի ելույթի հիմնական մասը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին՝ նշելով, որ «հակառակ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի ցանկությանը՝ Հայաստանը չի հրաժարվում իր ագրեսիվ քաղաքականությունից»:

Մամեդյարովը նաեւ հանդես է եկել ԻԿԿ անդամ պետությունների արտգործնախարարների հաջորդ՝ 33-րդ խորհրդաժողովը 2006 թվականին Բաքվում անցկացնելու առաջարկությամբ:

Թերթը հայտնում է նաեւ, թե խորհրդաժողովի ամփոփիչ հռչակագրում տեղ է գտնելու նաեւ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան դատապարտող» դրույթ:

«Թեեւ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը լրջորեն չի կարող ազդել միջազգային քաղաքականության վրա, եւ նրա ընդունած բանաձեւերը կրում են դեկլարատիվ բնույթ, Ադրբեջանն օգտագործում է նաեւ այդ ամբիոնը՝ աշխարհին իր արդար դիրքորոշումը հայտնելու համար», - գրում է «525-րդ թերթ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG