Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում


Վաշինգտոնում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նստաշրջանում, որը մեկնարկելու է հուլիսի 1-ին, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

«ԱզերՏաջ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պատվիրակությունը, որ այսօր արդեն մեկնել է Վաշինգտոն, գլխավորում է ԵԱՀԿ-ում երկրի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սատար Սաֆարովը:

Հայաստանի պատվիրակությունը, որը Վաշինգտոն կմեկնի հունիսի 30-ին, գլխավորում է Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԱՀԿ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Պատվիրակության կազմում են Սամվել Նիկոյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ Արտաշես Գեղամյանը (ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար):

Նստաշրջանում ԵԱՀԿ անդամն 55 երկրների 300 ներկայացուցիչներ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, աբխազական հիմնախնդիրը, գենդերային հավասարությանը, թրաֆիքինգին, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլն:

Ակնկալվում է, որ նստաշրջանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը:

«Այստեղ [Լենմարկերի զեկույցի վերաբերյալ] կան լուրջ վտանգներ՝ պայմանավորված նրանով, որ, օգտվելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի ընձեռած հնարավորություններից, ադրբեջանական կողմը իր բանաձեւն է ներկայացրել», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Արտաշես Գեղամյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG