Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննարկելու է Թուրքիայի հետ բանակցությունների շրջանակը


Թուրքիայի կողմից տասնամյակներ ի վեր գործադրվող ջանքերի վերջին փուլը՝ ուղղված Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցություններ սկսելուն, կմեկնարկի այս շաբաթ. սպասվում է, որ Եվրահանձնաժողովը կսահմանի բանակցությունների կարգը:

Ինչպես երկուշաբթի օրը գրել է բրիտանական «Ֆայնանշլ Թայմս» թերթը, եթե Եվրամիության անդամ բոլոր 25 երկրները համաձայնության չգան «բանակցությունների շրջանակի» վերաբերյալ, որը սահմանելու է դրանց սկզբունքները, ընթացակարգերը եւ քննարկվելիք հարցերի շրջանակը, բանակցությունները չեն սկսվի նախատեսված օրը՝ հոկտեմբերի 3-ին:

Եվրամիության պաշտոնյաները հուսով են, որ բանակցությունները կսկսվեն ծրագրված ժամկետում, թեեւ որոշ կասկածներ այդ կապակցությամբ ունեն: Եվրամիության անդամ երկրների կառավարությունների միջեւ հիմնական քննարկումները այս հարցով սպասվում են սեպտեմբերին՝ Գերմանիայում կկայանալիք ընտրություններից հետո, որոնցում կարող են հաղթել Թուրքիայի անդամակցությանը դեմ հանդես եկող քրիստոնեա-ժողովրդավարները:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, մինչդեռ, անցած շաբաթ հայտարարել էր, թե կառավարությունը չի համաձայնի «Եվրամիության անդամակցության նոր պայմանների»:

Այդուհանդերձ, Եվրամիության առաջնորդների քննարկումները վկայում են, որ չորեքշաբթի օրը հրապարակվելիք Անկարայի հետ բանակցությունների շրջանակը շատ ավելի կոշտ է լինելու, քան անցած տարի Եվրամիությանը միացած տասը երկրների համար. Թուրքիան պետք է ոչ միայն «խոստանա բարեփոխումներ, այլ բանակցությունների ընթացքում իրականացնի դրանք»:

Մեկնաբաններից մեկի խոսքերով, Թուրքիայի կառավարությունը պետք է պատրաստ լինի անդրադառնալու այնպիսի «բարդ խնդիրների», ինչպես հայերի՝ Ցեղասպանության պնդումները, Կիպրոսի կառավարության ճանաչումը եւ այդտեղից թուրքական զորքերի դուրսբերումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG