Մատչելիության հղումներ

Արեւմուտքը պահանջում է Իլհամ Ալիեւի թիմի փոփոխություն


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության անդամները անցած շաբաթավերջին հրապարակել են պաշտոնական Բաքվի վերաբերյալ ԵԽԽՎ-ի մտադրությունները:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի փոխանցմամբ, Արեւմուտքը «շահագրգռված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թիմի շուտափույթ ռոտացիայով եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության մասնակցության համար հավասար պայմանների ստեղծմամբ»:

«Եվրախորհուրդը մտադիր է լրջորեն հետեւել ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ բուն խորհրդարանական ընտրությունների ընթացքին», - կիրակի օրը Բաքվում հայտարարել է Ստրասբուրգից վերադարձած ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն՝ ավելացնելով, թե ԵԽԽՎ-ն լուրջ նախազգուշացում է արել. - «Վեհաժողովը չի հաստատի կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության նոր մանդատը 2006-ի հունվարին, եթե ընտրությունները միջազգային կազմակերպությունների կողմից չճանաչվեն ազատ եւ արդար»:

Ուշագրավ է, որ եվրոպացի պատգամավորները դրական են գնահատում Իլհամ Ալիեւի գործունեությունը՝ հիմնական քննադատությունը հասցեագրելով նրա շրջապատին:

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբում Ադրբեջանի հարցով զեկուցող Անդրեաս Գրոսը հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի թիմում «կան մարդիկ, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը Ադրբեջանում»:

Գրոսը չի նշել կոնկրետ անուններ: Փոխարենը դա արել են Ադրբեջանի ընդդիմադիր թերթերը, որոնք պնդում են, թե բարեփոխումների հիմնական հակառակորդներն են Ալիեւի աշխատակազմը եւ մի շարք նախարարներ:

Որոշ փորձագետներ բացառում են հեղափոխության հնարավորությունը, քանի որ «Արեւմուտքը չի ցանկանում Ադրբեջանում իրավիճակի ապակայունացում»: Ըստ ամենայնի, իրավիճակը Ադրբեջանում կզարգանա մոլդովական սցենարով, ինչի մասին է վկայում Ադրբեջանի նախագահի վրա միջազգային կազմակերպությունների կողմից աճող ճնշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG