Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 25-ը հունիսի)

2003 թվականի ամռանը Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի՝ Լիբանանում «Ղ-Տելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Ֆատուշի տանը հանգստանալու մասին «Հայկական ժամանակ»-ում հրապարակված լուրի առնչությամբ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը թերթին պարզաբանումներ է տվել, թե «Հարությունյանը ընտանիքով բնակվել է հյունացում, եւ միայն մեկ անգամ ընդունել է Պիեռ Ֆատուշի ճաշի հրավերը»: «Հայկական ժամանակ»-ը ընդգծում է. - «Մի խոսքով, այն, որ Դավիթ Հարությունյանը եւ Պիեռ Ֆատուշը 2003-ի ամռանը Լիբանանում հանդիպել են, չի հերքվում: Ավելին՝ որոշ տեղեկություններով, Լիբանանում Հարությունյանների հետ միասին եղել է նաեւ ՀՀ կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանի ընտանիքը»: «ԱրմենՏել»-ի հետ հակամարտությունում կառավարությունը ներկայացնում էին հենց Դավիթ Հարությունյանն ու Վահե Յաղումբյանը: Հակամարտությունը վերջացավ նրանով, որ «Ղ-Տելեկոմ»-ի համար Հայաստանի բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի տեղ ազատվեց», - բխեցնում է թերթը:

Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների շուրջ տրամագծորեն հակադիր գնահատականներից ո՞ր մեկի կողմնակիցն է՝ դրանք ազատ եւ թափանցի՞կ էին, թե հակառակը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ասել է. - «Եթե մի պետությունում դեռեւս տիրում է ռազմական դրություն, ժողովրդավարության մասին խոսելը համարում եմ առնվազն ապուշություն»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Ասկերանի կայազորի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՅԴ անդամ Պավել Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով: Ըստ թերթի, զինդատախազությունը այս դեպքի համար ընտրել է հնարավոր ամենամեղմ հոդվածը, որով նախատեսվում է առավելագույնը երկու ամիս ազատազրկում»:


«Ազգ»-ի մեկնաբանությամբ, մեր երկրում՝ լինի Հայաստանը թե Ղարաբաղը, «միայն ուրիշին ծեծելն է արդարացված». - «Քաղաքական ուժերը դատապարտում են քստմնելի արարքը երկու դեպքում՝ երբ ծեծվողն իրենց մերձավորն է կամ կուսակիցը եւ, երկրորդ, քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով՝ իբր շատ են մտահոգված երկրի ապագայով»:

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձեւը, ըստ «Հայոց աշխարհ»-ի՝ «ողջ երկրի հաղթանակն է»: «Հայաստանն ապացուցում է, որ ինքն ի վիճակի է ընկալել ու հաջողությամբ ավարտին հասցնել ժողովրդավարական բարեփոխումների էվոլյուցիոն ուղին եւ ներքաղաքական կոնսենսուսի միջոցով ձեռք բերել կայունության որակապես նոր մակարդակ», - ընդգծված է թերթում, որի մեկնաբանությամբ՝ «ընդդիմությունն այլեւս չի կարող «ոչ» ասել Սահմանադրության հանաքվեին, ուստի նա ոչ միայն ստիպված է հրաժարվել Սահմանադրության հանրաքվեն վստահության հանրաքվեի վերածելու նախորդ ծրագրերից, այլեւ հարկադրված է վերադառանալ խորհրդարան»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, հույս կա, որ «հաջողությունը կզարգանա»: «Սահմանադրական բարեփոխումների շուրջ համագործակցելու իշխանություններին ու ընդդիմությանը ուղղված կոչը թղթի վրա չի մնա՝ կյանքի կկոչվի, եւ Հայաստանը կկատարի հերթական քայլերը հասարակական-քաղաքական կյանքը ժողովրդավարացնելու եւ եվրոպական չափանիշերին մոտեցնելու ուղղությամբ», - գրում է մեկնաբանը՝ պակաս կարեւոր չհամարելով, որ «վերջապես հաջողվեց խախտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հասարակշռություն դնելու արատավոր սկզբունքը, որին Եվրախորհրդի որոշ կառույցներ համառորեն փորձում էին հետեւել Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող բանաձեւերը ընդունելու ժամանակ»:

«Ըստ իս, ընդդիմությունը չպետք է դադարեցնի իր բոյկոտը եւ կոալիցիան իրեն սատարող ուժերի հետ թող ինքնուրույն քվեարկեն սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ թե’ մեզ, թե’ Եվրախորհրդին ապացուցեն, որ պառլամենտի մեծամասնությունն այս առաջարկություններն ընդունում է կամավոր, որին ես այնքան էլ չեմ հավատում», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: - «Եթե արդյունքում ստանանք իրապես լավ նախագիծ եւ լինի որոշում այն դնելու հանրաքվեի, ընդդիմության համար լավագույն սցենարը կլինի այդ նախագիծը պարզել որպես ազատության դրոշ եւ հեղափոխական ճանապարհով գնալ համակարգի փոփոխության»:

«Հայոց աշխարհ»-ի տեղեկացմամբ, Հարավային Կովկասում ամենից շատ «գրին քարտ» շահում են հայաստանցիները. վրացիներն անցյալ տարի շահել են մոտ 400 «գրին քարտ», ադրբեջանցիները՝ 235, իսկ հայաստանացիների մոտ այդ թիվը հասել է 1000-ի:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG