Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը «հասարակական զորահավաքի» կոչ է անում


Ուրբաթ օրը Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) 16-րդ համագումարում կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը կոչ արեց անցկացնել «հասարակական զորահավաք»՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար:

Վազգեն Մանուկյանը համագումարի իր ծրագրային ելույթում ասյօրվա Հայաստանը բնութագրեց որպես «անօրինականությունների, անարդարության, դրամաշորթության ու կոռուպցիայի երկիր», որտեղ պայքարի են դուրս եկել ոչ թե իշխանություններն ու ընդդիմությունը, այլ երկրում առաջացած մարդկանց «երկու տեսակները»:

«Հայաստանում անուղղակի ձեւով կատաղի պայքար է գնում [մարդկանց] երկու տեսակի միջեւ՝ մեր տեսակի եւ նրանց տեսակի», - հայտարարեց Մանուկյանը:

«Եթե չլինի մեր տիպի մարդկանց զորահավաք, որը պայքարի երկրի ապագայի համար, երկիրը այսպես էլ կմնա: Եվ ես որպես ԱԺՄ-ի նախագահ, ԱԺՄ-ի առջեւ դնում եմ զորահավաքի հարցը», - շարունակեց նա՝ պնդելով. - «Առջեւում տեսակների պատերազմ է. մի տեսակը արդեն պատերազմ է հայտարարել մեր տեսակին եւ հիմա հաղթած է»:

«Բոլորիս մոտ կուտակված դժգոհություն կա», - շարունակեց Մանուկյանը: - «Ինքներս մեզ հետ հաշտ չենք, երկրի հետ հաշտ չենք: Մենք միաժամանակ ապրում ենք երկու Հայաստանում. մեկն իրական Հայաստանն է, որտեղ մենք ապրում ենք, որտեղ պայքարում ենք, որտեղ հաղթում, պարտվում ենք... Եվ կա մի Հայաստան, որի գծագիրը մեր բոլորիս ուղեղի մեջ է, եւ գրեթե բոլորի մոտ այդ գծագիրը համընկնում է»:

Նրա խոսքերով, իշխանությունները մսխել ու մսխում են ամեն ինչ՝ բոլոր գործարանները, պապերից ժառանգություն ստացած հողը:

«Մսխվում են մարդիկ, մսխվում են մեր միլիոնավոր դուրս եկած հայրենակիցների Հայաստան ուղարկած միլիարդավոր դոլարները», - ասաց նա՝ ավելացնելով. - «Եվ շուտով մսխվելու են նաեւ հաղթանակի արդյունքները»:

ԱԺՄ նախագահի համոզմամբ, Հայաստանում չկա ազատ մրցակցություն ո’չ քաղաքականության, ո’չ էլ տնտեսության մեջ: Դրանով է պայմանավորված, որ «փայլուն կադրերը դուրս են մղվել համակարգից, նրանց տեղը զբաղեցրել են գորշ, սահմանափակ ընդունակություններով ու գիտելիքներով մարդիկ»:

Նրա համոզմամբ, նման վիճակը երկրում չի կարող շարունակվել, բայց «ինքն իրեն ոչինչ չի լինի». անհրաժեշտ է հստակ հայեցակարգ, ուժերի (ոչ միայն կուսակցությունների) համախմբում:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք հեղափոխություն լինելու է, Մանուկյանը ասաց. - «Դա կախված է ոչ միայն մեզանից: Դա կախված է դիմացինի դիմադրողականության աստիճանից: Եթե մենք համախմբված ենք, դիմացինը երկու տարբերակ ունի. կամ ինքը կհրահրի հեղափոխություն, կամ կնահանջի: Տա Աստված, որ մենք ունենանք հեղափոխական փոփոխություն՝ առանց հեղափոխության»:

ԱԺՄ համագումարին ներկա էր երկրի գրեթե ողջ քաղաքական էլիտան՝ ինչպես ընդդիմությունից, այնպես էլ իշխող կոալիցիայից:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG