Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ իրենց խմբակցությունը մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների փաթեթի խորհրդարանական քննարկումներին՝ այդպիսով ընդհատելով երկամյա խորհրդանական բոյկոտը: «Մի փոքր տարօրինակ կլինի, եթե մենք Ազգային ժողովում չպաշտպանենք մեր տեսակետները, որ ընդդիմության եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համագործակցության արդյունքում Հայաստանի իշխանությունները ստիպված եղան ընդունել», - ասել է Արտաշես Գեղամյանը: Նույն կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Առավոտ» թերթին փոխանցել է. - «Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ: Եթե մենք օրինակ չծառայենք եւ չընդունենք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ մեզ ուղղված կոչը, ապա չենք կարող նույնը պահանջել իշխանություններից»:


«Ե’վ իշխանությունից, ե’ւ ընդդիմությունից ներկայացված հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում լոկալ համաձայնության է եկել համատեղ աշխատել, որպեսզի այդ աշխատանքների արդյունքները Երեւանում համագործակցության լավ հիմք ու օրինակ լինեն», - Տիգրան Թորոսյանի հետ զրույցից մեջբերում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

«Վենետիկի հանձնաժողովը վերածվել է մի յուրօրինակ հայ-հայկական հաշտեցման հանձնախմբի», - բանաձեւված է «Այբ-Ֆե» թերթում: Իսկ «Առավոտ»-ի հայացքով՝ Հայաստանը Վենետիկի հետ «պինգ-պոնգ է խաղում»: «Վենետիկի հանձնաժողովը մի բան է գրում, իշխանությունները մի ուրիշ բան են գրում եւ ետ ուղարկում: Հետո գնդակը գալիս է այս կողմ... Այս իրավիճակը եվրոպացիներն անվանել են պինգ-պոնգ եւ կոչ են արել վերջ տալ այդ խաղին», - եզրափակված է «Առավոտ»-ում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանում քաղաքական կուսակցություն է ստեղծում: «Ընդդիմադիր թե դիմադիր, իշխամետ թե հակաիշխանական. այդ բառերն ինձ համար նշանակություն չունեն», - «Իրավունք»-ի հարցազրույցում նշում է Բաբայանը: Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին նախկին հրամանատարը կարծիք է հայտնում, որ լուծումը պետք է փնտրել Ստեփանակերտ - Բաքու բանակցություններում, որոնց ընթացքում Ղարաբաղը եւ նրա շուրջ գտնվող տարածքները պետք է գտնվեն «միջազգային հեղինակավոր կառույցների մանդատի տակ»: Սամվել Բաբայանը հատուկ ընդգծում է. - «Շատ եմ կարեւորում մեր տարածաշրջանի ապառազմականացումը, երրորդ երկրների զինուժի ներկայության իսպառ բացառումը: Արդյունքում մեր հասարակությունը իսպառ կձերբազատվի սահմանները օտարի միջամտությամբ անվտանգ դարձնելու բարդույթից»: Նրա ձեւակերպմամբ՝ «երրորդ երկրների ռազմական ներկայությունը հանգեցնում է մշտական լարվածության»: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Սամվել Բաբայանը ասում է. - «Նրանք, ովքեր պնդում են, թե մեր ժողովրդի մենթալիտետը հասունացած չէ այդ բարեփոխումների համար, պարզապես պետական ինստիտուտների մասին թերի պատկերացում ունեն, կամ անձնական հարցեր են լուծում»:

«Ի՞նչը կարող էր Սամվել Բաբայանին այնքան ոգեւորել, բարոյապես կաշառել, որ նա ազատության մեջ հայտնվելով մնա հայկական երկու հանրապետություններում եղանակ ստեղծող դեմքերի ազդեցության տակ եւ գործի նրանց սցենարով». սեփական այս հարցադրմանը «Այբ-Ֆե»-ն պատասխանում է. - «Դա ապագա նախագահ դառնալու հեռանկարն է»:

«Չորրորդ իշխանություն» թերթում արձանագրված է. - «Ադրբեջանական եւ թուրքական մամուլի ամենասիրված թեման այս օրերին ՀՅԴ գնահատականն է Լեռնային Ղարաբաղի ընտրությունների մասին: Ե’վ Ադրբեջանի, ե’ւ Թուրքիայի ներկայացուցիչները պարզապես հրճվում են, որ կարող են ՀՅԴ գնահատականները մեջբերելով ապացուցել, որ Ղարաբաղը ավելի ժողովրդավարական չէ, քան Ադրբեջանը»:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթում «Դրոշակ»-ից արտատպված հրապարակման մեջ նշված է. - «Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հունիսի 19-ին կայացած ընտրությունները ազատագրված Արցախի տարածքում ժողովրդավարության ամրապնդման առումով կարեւոր հաղթանակ գրանցեցին հայության օգտին»:

«Ըստ որոշ լուրերի, Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը համակարգել է «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու գործընթացը, մի քանի տարի առաջ իր ընտանիքով հանգստացել է բջջային կապի ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած «Ղ-Տելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Ֆաթուշի Լիբանանի ամառանոցում», - գրում է «Առավոտ»-ը: «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ՝ հենց այդ «խորհրդավոր արձակուրդից հետո որոշ ժամանակ անց Պիեռ Ֆատուշը հնարավորություն ունեցավ մուտք գործել Հայաստանի բջջային կապի շուկա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG