Մատչելիության հղումներ

Բողոքում են Քանաքեռի բնակիչները


Կառավարության շենքի մոտ այսօր ցույց էին կազմակերպել մայրաքաղաքի ծայրամասերից Քանաքեռի բնակիչները՝ ի պաշտպանություն սեփական տնամերձ հողամասերի:

«Քաղաքապետարանն այժմ էլ մեր տնամերձ հողամասերն է ձեռքներիցս առնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը: - « 3500 քառակուսի մետրը վաճառել են ու կամաց-կամաց առաջ են գնում»:

Պրոֆեսոր Աշոտ Գեւորգյանը բնիկ քաղաքեռցի է: Իր հողակտորը մշակում է 10 տարուց ավելի: Սեփականության իրավունք չունի, որովհետեւ քաղաքային իշխանությունները մերժել են սեփականացնելու մասին դիմումը:

«Ով կաշառք է տալիս, այդ տարածքը վերցնում է», - ասաց նա: Մեկ այլ զայրացած քառաքեռցի ավելացրեց. - «Մեր չինովնիկները թող լավ հասկանան, որ իրենք ամբողջ գործարաններ են սեփականացրել: Այսօր երկու քառակուսի մետր հող է վերցրել ժողովուրդը եւ աղբանոցը սարքել ծաղկանոց, հիմա էլ աչքը դրել են դրանց վրա... Չեն էլ ամաչում»:

3 հողամաս արդեն օտարվել է, մնացածը սպասում են իրենց հերթին: Վաճառված հողամասերի նախկին տերերը դիմել էին դատարան: Առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել ի օգուտ քանաքեռցիների, իսկ վճռաբեկը՝ հօգուտ նոր սեփականատիրոջ:

«Ասում են՝ ձեր ծառերը հանեք-տարեք. մենք այդտեղ շինարարություն ենք անելու», - շարունակում էին բողոքել քանաքեռցիները՝ պնդելով, թե իրենց այգիների տեղում տեխսպասարկման ու գազալցման կայաններ են կառուցվելու: Նրանց պնդմամբ, իրենց հողամասերի հավակնորդները «օլիգարխներն են»:

Թբիլիսյան խճուղու երկայնքով առաջին շարքում արդեն իսկ տեղակայված են բազմաթիվ օբյեկտներ՝ տեխսպասարկման, վառելիքի, հյուրանոցներ: Երկրորդ շարքում այս մարդկանց տներն են ու հողամասերը:

Ցուցարարներից պատվիրակությանը ընդունեց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

«Վարչապետը ինքը ցած իջավ եւ ակամա ներկա եղավ դրան [Աբրահամյանի հետ զրույցին]», - պատմեց պատվիրակներից մեկը: - «Վարչապետն ասաց, որ հարցը արժանանալու է ամենաբարձր մակարդակի ուշադրության: Հույս ունենք, որ իսկապես վարչապետը ուշադրություն կդարձնի, եւ այդ հարցը լուծում կստանա»:

Նախագահի նստավայրի մոտ արդեն երկրորդ օրը բողոքող ցուցարարներին, մինչդեռ, ոչ ոք չի ընդունում: Բողոքողները Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների նախկին բնակիչներներն են, ովքեր շարունակում են պնդել, որ իրենց իրավունքներն ու շահերը անտեսվում են ու ոտնահարվում են:

«Մենք երկրորդ օրն ենք այստեղ: Մեզ, իհարկե, ոչ ոք չի մոտեցել, դա շատ ցավալի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բյուզանդի փողոցի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը: - «Բայց մենք կտրական ենք, վճռական: Գնալու ենք մինչեւ վերջ... Եթե գոյություն ունի Սահմանադրությունը, ապա թող ասեն՝ ժողովուրդ, դա գրել ենք ձեզ համար, բայց մեկ ուրիշները իրավունք ունեն խախտել այդ Սահմանադրությունը»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG