Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 18-ը հունիսի)

Հյուսիսային պողոտայի բնակիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Վաչագան Հակոբյանը «Ազգ» թերթում ասում է. - «Բնակիչներից շատերն իրենց ունեցվածքի դիմաց ստացել են չնչին գումարներ, իսկ, օրինակ, «Առլեկինո» սրճարանի սեփականատերը 170 քառակուսի մետրի դիմաց ստացել է 336 հազար դոլար, կամ 60 քառակուսի մետր սեփականություն ունեցողը ստացել է 84 հազար դոլար, իսկ նրանից 5 անգամ մեծ տարածք ունեցողը՝ շատ ավելի քիչ: Լալայանց 33 տան բնակիչ ձեւակերպված Արթուր Հարությունյանը ստացել է 219 հազար դոլար, մինչդեռ այդպիսի մարդ այնտեղ չի ապրել... Մեր հաշվարկներով՝ Հյուսիսային պողոտայի բնակիչների տարածքների հաշվին յուրացվել է 150 մլն դոլար»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ակնհայտ համարելով, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության ձախողումը պայմանավորված էր ոչ թե հանրային լայն շերտերի, այլ քաղաքական լիդերների պասիվությամբ, նախանշում է. - «Եթե ԱՄՆ վերադառնալուց հետո Արամ Սարգսյանը իսկապես դուրս գա «Արդարություն» դաշինքից եւ վայր դնի ԱԺ պատգամավորի մանդատը, այս քայլով նա միանշանակ կդառնա ընդդիմության միանձնյա լիդեր: Սարգսյանի այս քայլը ընդդիմադիր տրամադրված շերտերին կհամոզի, որ ներքաղաքական դաշտում հայտնվել է մեկը, ով ի վիճակի է իր վրա վերցնել խաղը եւ առաջնորդել ժողովրդին»: «Իսկ եթե նա այնուամենայիվ չի պատրաստվում քայլեր անել», - գրում է մեկնաբանը, - «պետք է վերադառնա այն գիտակցմամբ, որ ինքն այս երկրում հակառակորդ չունի, ավելի ճիշտ՝ ինքն այլեւս որեւէ մեկի հակառակորդը չէ»:

«Արամ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի նորելուկ համերաշխությունը կարո՞ղ է վերաճել քաղաքական համագործակցության» հարցին Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ում պատասխանում է. - «Ես մասնագիտությամբ էլեկտրոտեխնիկ եմ, եւ երբ փորձում են տրանսֆորմատորների գործունեությունը տեղափոխել քաղաքական դաշտ, ես կարող եմ ասել, որ դա կարող է առաջացնել միայն Ֆուկոյի հոսանքների էֆեկտը»: Թերթի պարզաբանմամբ՝ խոսքը ապարդյուն եւ կիրառական որեւէ նշանակություն չունեցող թափառող հոսանքների մասին է»:

«Առավոտ»-ում մեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների հետ կապված խնդիրը, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը ընդգծում է. - «Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ իր համար երրորդ անգամ առաջադրվելը բացառված է: Հիմա նրա միակ հիմնական նպատակը հետեւյալն է՝ ամեն ինչ անել իրավահաջորդ նշանակելու համար այն անձին, որն իրեն ապահովության երաշխիքներ կտա: Իսկ եթե երկրի Սահմանադրությունը փոխվեց եւ դարձավ ժողովրդավարական, այդպիսի երաշխիքներ նրան ոչ ոք չի կարող եւ չի տա: Նման երաշխիքներ տալու համար պետք է ունենալ այն նույն լիազորությունները, ինչպիսիք ունի այսօր գործող նախագահը... Մենք բոլորս այս մոտեցման պատանդն ենք դարձել»:

«Ժողովրդավարություն» կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանը «Գոլոս Արմենիի» թերթում ընդգծում է. - «Սահմանադրության փոփոխությունների հարցը հրատապ դարձավ ոչ թե նրա համար, որ իշխանությունները գիտակցում է դրա անհրաժեշտությունը, այլ շհորհիվ եվրոպական կառույցների սկզբունքայնության: Ես համոզված եմ, որ եթե ամեն ինչ սահմանափակվեր ներքին գործընթացներով, ապա էական ոչինչ տեղի չէր ունենա: Տվյալ դեպքում դրական դեր է խաղում Վենետիկի հանձնաժողովի բավականին կոշտ եւ սկզբունքային դիրքորոշումը»:

«Հայոց աշխարհ»-ի հայացքով, Բունդեսթագի բանաձեւը, լինելով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման սկիզբ, միաժամանակ վկայում է, որ Թուրքիան պարտություն է կրել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերում, այլեւ Հայաստանը մեկուսացնելու իր քաղաքականության մեջ»:

«Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որը երկար տարիներ աշխատել է Երեւանի ամենախոշոր «տորգերից» մեկի գլխավոր հաշվապահ, հեշտությամբ հաշվել է, որ ավելի հեշտ է ամբողջ հանրապետությունում 60 հազար ձայն հավաքել կուսակցության համամասնական ցուցակի համար եւ այդպիսով խորհրդարան բերել 8-ից 10 պատգամավոր, քան պայքարի մեջ մտնել 60 հազար ընտրող ունեցող մեծամասնական ընտրատարածքում: Հենց այս պարզ եւ տրամաբանական հաշվարկն էլ պարոն Գասպարյանին բերել է նոր կուսակցություն ձեւավորելու անհրաժեշտության գիտակցմանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: Նույն թերթում Գասպարյանը մի շարք մարդկանց անուններ է ներկայացնում, որոնց հետ դեռ չի խոսել, բայց մտադիր է առաջարկել անդամակցելու իր կողմից ստեղծվելիք կուսակցության վարչությանը: «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ՝ Մանուկ Գասպարյանը նրանց անվանել է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական դաշտի «տաշած քարեր»:

Հայտնելով, որ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովի նախագահ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը՝ «Առավոտ»-ը հավելում է. - «Ըստ մասնագետների, առայժմ հայտնի չէ՝ արդյոք պարոն Եսայանը գիտի՞ «արժեթղթեր» բառի նշանակությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG