Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները


Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով 11 տեղերի համար պայքարում կուսակցությունների համար օրենքով նախատեսված արգելքը հաղթահարել են 2 կուսակցություն եւ 1 դաշինք: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 5, «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ «Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքը՝ 3-ական տեղ:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրված 22 պատգամավորներին, ապա նրանցից 7-ականը ներկայացնում են Արցախի ժողովրդավարական եւ«Ազատ հայրենիք» կուսակցությունները եւ 8-ը անկուսակցական են:

«Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր չունի:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կունենա 12, «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ 8 եւ «Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքը՝ 3 տեղ: Անկուսակցական պատգամավորները կստանան 8 մադատ:

«Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի պատգամավորական մանդատներից՝ «հաշվի առնելով քարոզչությունից առաջ, ընթացքում եւ քվեարկության օրը ընտրախախտումները եւ վարչական ռեսուրսի կիրառումը»:

Դաշինքի ղեկավարները այսօր կայացած ասուլիսում նաեւ գրեթե բացառեցին բողոքի հանրահավաքների եւ ցույցերի անցկացման հնարավորությունը՝ հայտարարելով, թե «իրենք եւս երկրի քաղաքացիներ են եւ ցնցումների ճանապարհով չեն գնա»:

Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը կայացած քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 78 տոկոսը:


Ռուզան Խաչատրյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG