Մատչելիության հղումներ

Ստորագրվել է Հարավային Կովկասի երկրների Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման հուշագիրը


Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար Սիյավուշ Նովրուզովը Թբիլիսիում ստորագրել են Հարավային Կովկասի երկրների Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման հուշագիրը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Նինո Բուրջանաձեն կարեւորել է, որ «չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հիմնախնդիրներին, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթը »:

Նա նաեւ նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը կնպաստի սերտ հարաբերությունների հաստատմանը եւ տարածաշրջանի կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանը:

Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը նշել է, թե «երեք երկրները ձգտում են ինտեգրվել եվրոպական կառույցների մեջ, եւ այդ խնդիրը ավելի հեշտ կլինի լուծել, եթե կողմերը միավորեն իրենց ջանքերը»:

«Չափազանց կարեւոր է, որ Խորհրդարանական վեհաժողովը իրականում գործող կառույց դառնա: Դա, հաստատապես, կնպաստի Ադրբեջանի հետ մեր խնդիրների լուծմանը», - ասել է Տիգրան Թորոսյանը:

Իսկ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ «եթե ղարաբաղյան խնդիրը լուծվի Հարավային Կովկասի երկրների Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում՝ Ադրբեջանը պատրաստ կլինի մասնակցել տարածաշրջանի զարգացմանն ուղղված քաղաքական եւ տնտեսական ծրագրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG