Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Իրավիճակը սահմանում ավելի հանգիստ է»


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը մայիս-հունիս ամիսներին ավելի հանգիստ է:

Վաղ գարնանը արդբեջանական զորամիավորումները փորձեր էին ձեռնարկել մոտեցնել իրենց դիրքերը հայկական դիրքերին, եւ Հայաստանի արտգործնախարարություն այդ մասին տեղեկացրել էր միջազգային հանրությանը:

«Մարտ եւ ապրիլ ամիսների համեմատությամբ մայիսն ու հունիսը ավելի հանգիստն են սահմանում», - այսօր ասաց Հարությունյանը: - «Գարունը բացվելուն պես ադրբեջանցիները, այսպես կոչված, չեզոք գոտում առաջ էին շարժվում՝ փորձելով բարելավել իրենց դիրքերը: Հիմա այդ ամենը դադարեցված է: Ադրբեջանական հրամանատարությունը հասկացել է, որ դա ոչինչ չի տա»:

Գեներալ Հարությունյունը ավելացրեց, որ առաջ շարժվելու ընթացքում ադրբեջանական կողմը մեծ կորուստներ էր ունենում, որովհետեւ «մենք քայլեր էինք ձեռնարկում, որպեսզի թույլ չտանք նրանց առաջխաղացումը»: Նա չբացառեց, որ որոշակի ազդեցություն են ունեցել նաեւ Ադրբեջանի ժողովուրդն ու հասարակությունը, որոնք «հանդես էին գալիս նման ձեռնարկումների դեմ»:

Միքայել Հարությունյանի խոսքերով, դրական ազդեցություն է ունեցել նաեւ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կասպշիկի աշխատանքը, որի ղեկավարությամբ շփման գծում պարբերաբար անցկացվող մոնիտորինգը որոշակիորեն նպաստել է իրավիճակի բարելավմանը:

«Ուրախ կլինեմ, եթե ադրբեջանական բանակի հրամանատարությունը հասկացած լինի, որ սխալվել է եւ այլեւս նման գործողությունների չդիմի», - ասաց նա՝ պաշտոնապես հայտարարելով. - «Մեր կողմից կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի սահմանին թույլ չտանք հրադադարի խախտում»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս հաճախ հնչեցվող դժգոհությանը Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմակայանների ռազմական տեխնիկայի մի մասը Հայաստան փոխադրելու կապակցությամբ, Միքայել Հարությունյանը ասաց, թե Ադրբեջանը «թող հաշվի սեփական սպառազինությունները»:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ադրբեջանը խաբեությամբ պահում է ավելի շատ սպառազինություն, քան նախատեսված է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով», - շարունակեց նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանը թույլատրելի քանակից 1,5-2 անգամ ավելի զինտեխնիկա ունի, 2-2,5՝ անգամ ավելի հրետանի, եւ միայն օդուժի քանակը չի հասել թույլատրվածի սահմանին: - «Այնպես որ, Ադրբեջանը պետք է նախ եւ առաջ այդ մասին մտածի»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG