Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «10 տարում Ադրբեջանի տնտեսություն է ներդրվել 24 միլիարդ դոլար»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել է, թե երկրում ստեղծվան են «լավ ներդրումային մթնոլորտ եւ առավելագույն բարենպաստ պայմաններ ներդրողների համար»:

«Նման ներդրումային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսություն է ներդրվել 24 միլիարդ դոլար, ինչը մեկ շնչի հաշվարկով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած 9-րդ Միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերը այս տարի կկազմեն 18 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Հուսով եմ, որ այդ տնտեսական աճի տեմպերը ապագայում եւս կպահպանվեն, եւ դա թույլ կտա մեր երկրին դառնալ տնտեսապես ուժեղ պետություն», - նշել է Ալիեւը:

Նրա խոսքերով, վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանում աղքատության մակարդակը նվազել է 9 տոկոսով, թեեւ շարունակում է մտահոգիչ մնալ:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններին, Ադրբեջանի նախագահը նշել է, թե դրանք մեծ վերելք են ապրում, ապրանքաշրջանառության աճը կազմում է 50-60 տոկոս եւ դեռ ավելանալու ներուժ ունի:

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական կապերի հետագա զարգացումը թույլ կտա ավելի սերտորեն իրականացնել համատեղ ծրագրեր, է'լ ավելի սերտորեն համագործակցել տարածաշրջանային մակարդակում», - ասել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG