Մատչելիության հղումներ

Ջավախքի բնակչությունը բողոքում է էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ձեւի դեմ


Ջավախքի ազգաբնակչությունն իր մտահոգությունն ու բողոքն է հայտնել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց գումարային գանձումների նոր ձեւ որդեգրելու՝ Վրաստանի միացյալ էներգաընկերության (ՎՄԷԸ) որոշման կապակցությամբ:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, եթե մինչեւ հիմա յուրաքանչյուր ընտանիք վճարում էր օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքին համապատասխան գումար, ապա հետայսու վճարումները պետք է լինեն գյուղերում եւ քաղաքներում տեղադրված հաշվիչների ընդհանուր ցուցիչներին համապատասխան՝ ընդհանուր ցուցիչի գումարը հավասարապես բաշխելով բոլոր աբոնենտների վրա:

Վրաստանի միացյալ էներգաընկերությունն այս քայլը պատճառաբանում է կորուստներից խուսափելու անհրաժեշտությամբ: Դրանով, սակայն, դժվարին կացության մեջ է ընկնում բնակչությունը, քանի որ համեմատաբար քիչ էլեկտրաէներգիա սպառած աբոնենտը ստիպված է լինելու իրենից ավելի շատ հոսանք ծախսած աբոնենտի դիմաց եւս վճարել:

Արդեն մի շարք բնակավայրեր նման ձեւով վճարումներից հրաժարվելու համար հոսանքազրկվել են:

Անցյալ շաբաթավերջին «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե առաջիկայում Հայաստանը կվերականգնի էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան: Էլեկտրաէներիան կմատակարարվի բարձրացված սակագնով՝ 2,68 ցենտ նախկին 1,18-ի դիմաց:

Նրա խոսքերով, 2002 թվականի դեկտեմբերից մինչեւ 2003 թվականի ապրիլ ընկերությունը Վրաստան է արտահանել 178 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա՝ 4,45 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ից մինչեւ այս տարվա մայիսի 15-ը արտահանվել է 3,6 միլիոն դոլարի 141 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG