Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հանձնախմբի նիստին


Հունիսի 15-19-ը Շոտլանդիայի Դանբլեյն քաղաքում Շոտլանդիայի Եկեղեցիների հրավերով տեղի կունենա Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ընդլայնված նիստը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը նախատեսվում է քննարկել 2003-2005 թվականների հանձնախմբի կատարած աշխատանքները, 2005-2006 թվականների հրամայականները, հանձնախմբի աշխատանքային խմբերի թափուր տեղերի հարցերը, ինչպես նաեւ գլոբալիզացիային, Եվրամիության սահմանադրությանը, ԵԵԿ նոր կառուցվածքին, հանձնախմբի արդյունավետ աշխատաոճին առնչվող եւ հասարակական այլ հարցեր: Նաեւ հնարավորություն կընձեռնվի ծանոթանալ Շոտլանդիայի Եկեղեցիների գործունեությանը:

Դանբլեյնում կայանալիք հանդիպումը նորակազմ հանձնախմբի երրորդ նիստն է: Առաջին երկու նիստերը տեղի են ունեցել Բելգիայի Վավղե եւ Բրյուսել քաղաքներում 2004 թվականի մայիս եւ սեպտեմբեր ամիսներին, ուր ի թիվս մի շարք օրակարգային հարցերի, քննարկվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը:

ԵԵԿ «Եկեղեցի եւ Հասարակություն» հանձնախմբում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, 2004 թվականից ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջիածնի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակից Տ. Հովակիմ աբեղա Մանուկյանը: Մինչ 2004 թվականը այս հանձնախմբում Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Հունահայոց թեմի առաջնորդ Տ. Ոսկան արք. Գալփաքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG