Մատչելիության հղումներ

Օսկանյանը ԱՄՆ-ին կոչ է անում սահմանի վերաբացման հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել Միացյալ Նահագներին ավելի ակտիվորեն ներգրավվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, հատկապես՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայաստանի հետ սահմանը վերաբացելու հարցում:

«Միացյալ Նահանգները այս հարցում ակտիվ է, սակայն մենք կուզենային ԱՄՆ-ը տեսնել ավելի ներգրավված», - «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ կայացած հանդիպումից հետո անցած շաբաթավերջին հայտարարել է Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով. - «Հավատում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի հետեւողական լինել սահմանի վերաբացման հարցում»:

Օսկանյանը նաեւ նշել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում:

«Արգենտինան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը ցեղասպությունը ճանաչած երկրների շարքում են, սակայն նախագահ Բուշի վարչակարգը շարունակում է կասկածանքով վերաբերվել դրան», - ասել է Վարդան Օսկանյանը: - «Թուրքիան չպետք է մինչեւ հարաբերությունների վերականգնումը խուսափի այդ հարցից»:

Հայաստանի արտգործնախարարի խոսքերով, Միացյալ Նահանգերը պետք է Թուրքիային մղի նրան, որ վերջինս «ձգտի կամուրջ լինել ոչ միայն Արեւելքի եւ Արեւմուտքի, այլեւ՝ Եվրոպայի տարբեր մասերի միջեւ»:

«Հայաստանը եւ Թուրքիան պատերազմի մեջ չեն: Մենք խնդիրներ չունենք այդ երկրի հետ: Մենք պատմական տարբերություններ ունենք: Պատմական տարբերություններ ունեն Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնց մասին նրանք խոսում են… սակայն սահմանները չեն փակում», - Վաշինգտոնում հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG