Մատչելիության հղումներ

«ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությունը ողջ է»


Սպիտակ տանը չորեքշաբթի օրը շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաստատել են, որ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը «ողջ է»:

«Ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք հաստատել, թե մեր ռազմավարական գործընկերությունը շարունակելու է զարգանալ նույն ուղղությամբ», - «Turkish Daily News»-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

«Թուրքիան եւ Միացյալ Նահանգները կարեւոր ռազմական հարաբերություններ ունեն», - իր հերթին հայտարարել է Ջորջ Բուշը:

Թուրքիայի վարչապետը հայտնել է, թե քննարկման հիմնական թեմաներն են եղել «ազատությունները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ահաբեկչության դեմ պայքարը, անվտանգությանն եւ մարդու իրավունքներին առչվող հարցեր»:

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Միջին եւ Մերձավոր Արեւելքում ու Կովկասում ժողովրդավարության զարգացմանն աջակցության համար: «Ժողովրդավարությունը Թուրքիայում կարեւոր օրինակ է Մերձավոր եւ Միջին Արեւելքի ժողովուրդների համար…Շնորհակալ եմ ձեր ղեկավար դերի համար», - ասել է Ջորջ Բուշը:

Թուրք լրագրողների համար ավելի ուշ կայացած ասուլիսում Էրդողանը ասել է, թե Միացյալ Նահանգները կիսում է Թուրքիայի մտահոգությունը «Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության գրոհայինների առկայության կապակցությամբ՝ ավելացնելով, որ «հետախուզական տվյալների փոխանակման հարցում գոյություն ունեցող համագործակցությունը բավական չէ»:

Բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, Կիպրոսի, Իրաքի, Աֆղանստանի, ինչպես նաեւ ամերիկյան ներդրումներում Թուրքիայի շահագրգռվածությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG