Մատչելիության հղումներ

Մոսկվայում քննարկվել են ռուս-վրացական հարաբերությունները


Երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի հասարակական ծրագրավորման ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է «Ռուսաստան-Վրաստան. հայացք ապագային» թեմայով կլոր սեղան։

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, կլոր սեղանին մասնակցել են Վրաստանի եւ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչներ Խաչատուր Ստեփանյանը եւ Դավիթ Ռստակյանը: Կլոր սեղանին հրավիրվել էին նաեւ պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչները, սակայն վերջիններս հրաժարվել էին Մոսկվա մեկնել:

Ջավախքի ներկայացուցիչ Դավիթ Ռստակյանը իր ելույթում անդրադարձել է Ջավախքում ռուսների ներկայության պատմությանը եւ ռուսական բազաները դուրս բերելու կապակցությամբ ջավախքցիների զգացմունքային վերաբերմունքին։

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը հույս է հայտնել, որ ռուս-վրացական լարված հարաբերությունների արդյունքում կասկածի տակ չի դրվի ջավախահայության անվտանգությունը։

Կլոր սեղանը ավարտվել է ամփոփումով, թե ժողովրդական դիվանագիտության ճանապարհով պետք է դրդել երկու երկրների ղեկավարությանը միջպետական հարցերը լուծել՝ հարգելով տարածաշրջանում կայունությունը պահպանելու սկզբունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG