Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրություններին, «Ազգ»-ը արձանագրում է. - «Հանրապետական իշխող կուսակցությունը որեւէ հակակշիռ չունեցավ ընտրությունների առաջին փուլում, հենց սկզբից հանրապետականը առանց խոչնդոտի փորձում է ամուր թիկունք ապահովել 2007-ի խորհրդարանական ընտրություններում»: «Այդ հմատեքստում գոնե նախնական շրջանում «Օրինաց երկիրն» ու Դաշնակցությունը անհամեմատ պասիվ են ներկայանում», - ավելացնում է թերթը:

Նույն թերթում՝ արձագանքելով ընտրություների արդյունքներին, «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը նշում է. - «Նրանք բոլորը հանրապետական են, որովհետեւ վարչապետն է հանրապետական: Վաղը ուրիշ վարչապետ կլինի, մի օրվա մեջ բոլորը ուրիշ կդառնան»: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ավելի շատ իշխանական թեւերի պայքար են, եւ ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքար», - սահմանում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը», որի գնահատմամբ. - «Եթե նախագահական ընտրությունները կեղծիքով են ընթանում, ազգային ժողովինը միշտ ավելի վատ է լինում, ապա տեղականը, սովորաբար, խայտառակ ընտրություններ են լինում»: Հանրապետականից Գալուստ Սահակայանն էլ բանաձեւում է. -«Եթե ընդգծված լարվածություն չի առաջացել, բնականաբար՝ օրինական ընտրություններ են եղել»:

Մեկ այլ հրապարակումով «Ազգ»-ն ընդհանրացնում է.- «Իշխող կուսակցությունը կրկնում է կոմունիստների եւ ՀՀՇ-ի անցած ճանապարհը»:
Դժբախտաբար, հուսալ, որ առաջիկայում ընտրություններն ավելի լավը կլինեն քան անցյալում, առայժմ չենք կարող, քանզի չեն երեւում իշխանությունների այն քայլերը, որոնք նման հույսեր փայփայելու հնարավորություններ կտային. ընդհակառակը, անցյալ կիրակի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հերթական անգամ ականատես եղանք իշխանական բիրտ ուժի կիրառմանն ու գարշելի ընտրական մթնոլորտին,- պատկերում է մեկնաբանը՝ ընդգծելով,- նման ընտրությունների անցկացման շարունակումը ոչ այլ ինչ է, քան մեր վերջի սկիզբը»:

Հունիսի 19-ին անցկացվելիք Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «ՀՅԴ- շարժում 88» դաշինքի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում է «Հայկական ժամանակ»-ը. «Քարոզարշավի այս փուլում արդեն օրվա իշխանությունները եւ դրանց հովանավորությամբ գործող ուժերը, բացահայտ խախտելով օրենքը, իրենց տրամադրության տակ եղած վարչական մեքենայի ողջ կարողությունը նպատակաուղղել են բնակչության մեջ սարսափի, անելանելիության, կանխորոշված ընտրությունների մթնոլորտի ստեղծմանը»:

Այս դաշինքից Գեղամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ին ասել է, թե արդար ընտրությունների անցկացման մասին իշխանությունների հայտարարությունները ոչ միայն ֆիկցիա են, այլ նաեւ խաբեություն:

Ղարաբաղից նոր վերադարձած Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ»-ում նշում է.-«Վարչական ռեսուրսների առումով, կարծում եմ, իշխանությունը որեւէ մեկին չի աջակցում: Մյուս կողմից էլ նման ռեսուսներ ունեն ազգային-ժողովրդավարական կուսակցությունը եւ ընդդիմությունը: Ըստ նրա, եթե բոլոր մասնակից կողմերը ելնեն Ղարաբաղը միջազգային հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու, նրա փաստացի անկախության իրավական ամրագրման ճանապարհին եւս մի կարեւոր քար դնելու անհրաժեշտությունից՝ ընտրությունները կանցնեն բացառիկ արդար, օրինական եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:



«Առավոտ»-ի խմբագրականը՝ գրելով, թե «կրեմլյան PR-ի մասնագետները որոշել են ստեղծել անգլալեզու հեռուստաալիք, որի հիմնական նպատակն է լինելու արտասահմանում Ռուսաստանի մասին ճիշտ իմիջ ձեւավորելը», -կապակցում է,- «Ամենեւին էլ չի բացառվում, որ մերոնք էլ Ռուսաստանի իրենց գործընկերների օրինակով, կցանկանան զբաղեցնել մի նոր ալիք՝ նախատեսված արտասահմանցիների ականջների համար, որը նպատակ կունենան արտասահմանում ձեւավորել Հայաստանի մասին ճիշտ իմիջ: Մի կողմից տհաս, դավաճան եւ անբարո ընդդիմություն, մյուս կողմից՝ իմաստուն, սուրբ եւ անբիծ իշխանություն, որը ստեղծում է հազարավոր աշխատատեղեր, ապահովում «վագրաձեւ» տնտեսական աճ եւ պողպատի նման ամրապնդում հայրենական դրամը»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, երբ Ռոբերտ Քոչարյանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես մարդիկ ուզում են ունենալ հզոր ղեկավարներ՝ ամենեւին չի չափազանցրել: «Իհարկե նա կարողանում է քաղաքական հակառակորդների հախից գալ, ժողովրդին զրկել ձայնի իրավունքից, իրեն անդուր բարեւածին անզգույշ քաշքշել զուգարանում, պտտվել տուռնիկի վրա, վերահսկողության տակ պահել անգամ ավտոմեքենաների «գոլդեն» պետհամարանիշների եւ լավ հողակտորների բաշխումը, եւ իհարկե ասել, որ սա հզորության նշան չէ՝ սխալ կլինի», - սահմանված է «Հայկական ժամանակ»-ում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG