Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ»


Վերջին շրջանում զգալիորեն կայունացած դոլարի վոխարժեքն արդեն երկրորդ օրն է, ինչ բարձացման նշաններ է դրսեւորում: Այս պահին մայրաքաղաքի փոխանակման կետրում ամերիկյան մեկ դոլարը գնվում էր միջինը 453, վաճառվում 465 դրամով, այնինչ, երեք օր առաջ դոլարի գնման գինը չէր անցնում 448 դրամից։ Փոխանակման կետերն ավելի շուտ հրաժարվում են դոլար վաճառելուց, ինչը խոսում է այսպես ասած «խոշոր մեծածախ պատվերների» գոյության մասին։

Դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկումը նաեւ Հայաստանյան շուկայի վրա է ազդում: Համենայնդեպս, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ վերջին օրերին դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ:

«Արտարժութային շուկաներում ձեւավորվող միտումները, ներհոսքն ու արտահոսքը Հայաստան, միջազգային շուկաների ազդեցությունը մեր կառավարումից դուրս են գտնվում, բայց ազդում են մեր շուկայի մասնակիցների սպասումների վրա», - գտնում է Տիգրաս Սարգսյանը, որը այսօր մասնակցում էր Թեքեյան մշակութային կենտրոնում Իզմիրլյան-Եվրասիա վարկային կազմակերպության ծրագրի շնորհանդեսին։

Կարելի է ենթադրել, որ վերջին շաբաթների ընթացքում եվրոյի գլխապտույտ անկումն իր գործն, այնուամենայնիվ, անում է: Եթե նախորդ տարվա ընթացքում դոլարի արժեզրկումը մարդկանց դրդում էր իրենց դոլարային միջոցների մի մասը վերածել եվրոյի, ու այս կամ այն կերպ բազմազան դարձնել իրենց խնայողությունների զամբյուղը, ապա այսօր արդեն ճիշտ հակառակ պատկերն է՝ մարդիկ կանխազգալով եվրոյի հնարավոր փլուզումը, ավելի շատ են հակվում դոլարի կողմը։

Տիգրան Սարգսյանը նաեւ բացառեց այն պնդումները, թե դոլարը սկսել է արժեքավորվել արտերկրից Հայաստան փոխանցվող մասնավոր գումարների նվազման պատճառով: Հակառակը՝ դրանք այս տարվա առաջին երեք ամիսներին 40 տոկոսով ավելին են եղել քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Մեծ կանխիկ հոսք կա դեպի Հայաստան, որի ծավալները մենք կարողանում ենք գնահատել փորձագիտական ձեւով, սոցիոլոգիական հարցումների ձեւով՝ «պոստ-ֆակտում», երբ որոշ ժամանակ է անցնում», - հայտնեց Տիգրան Սարգսյանը:

Այդուհանդարձ, ինչպե՞ս վարվել, երբ դոլարդրամ մրցավեճը խիստ անկանխատեսելի է դառնում ու մարդիկ մտահոգ են իրենց միջոցները կորցնելու հեռանկարով։

«Մարդիկ չեն կողմնորոշվում եւ չեն կարողանում կառավարել իրենց արժույթային ռիսկերը: Այդ նոր միջավայրում մենք բոլորս պետք է սովոերնք աշխատել արտարժույթի հետ: Լավագույն ձեւը ռիսկերից զերծ մնալու՝ խնայողույթունները պահել դրամով եւ հետեւել գներին», - այս էր Կենտրոնական բանկի նախագահի՝ արդեն ավանդակ դարձած խորհուրդը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG