Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ծրագրում է շեշտադրումների փոփոխություն Ցեղասպանության ճանաչման հարցում


Դաշնակցությունը ծրագրում է շոշափելի փոփոխություն կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր գործունեության մեջ՝ շեշտը դնելով Թուրքիային կատարվածի համար պատասխանատվության ենթարկելու վրա:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց ՀՅԴ բյուրոյի քաղականության հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, առաջիկայում Դաշնակցությունը անհրաժեշտ է համարում շեշտը դնել ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վրա:

Նա փաստարկեց, թե Ցեղասպանության պատմական փաստը ապացուցելու խնդիր չկա, քանի որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային կառույցներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Այդ պատասխանատվությունը Թուրքիայի վրա, ըստ Մանոյանի, պետք է դնի միջազգային հանրությունը: Հարցին, թե ի՞նչ ճանապարհով է դա հնարավոր, երբ Թուրքիայի իշխանությունները ամեն կերպ հերքում են Ցեղասպանությունը, Կիրո Մանոյանը պատասխանեց. - «Շատ հստակ է. Եվրամիության անդամակցության բանակցությունների ընթացքում Թուրքիայի առաջ մի քանի երկրներ առնվազն դնելու են Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Ի դեպ, նույն այդ երկրներն էին, որոնք Եվրամիության Սահմանադրությանը «ոչ» ասացին: Եվ ըստ իրենց երկրների մեկնաբանների, այդ «ոչ»-ի մեկ կարեւոր մասը Թուրքիայի անդամակցության պատճառով էր»:

Մանոյանը նկատի ունի Ֆրանսիան եւ Հոլանդիան, որտեղ անցած շաբաթ կայացած հանրաքվեներով Եվրամիության Սահմանադրությունը մերժվել է:

«Ֆրանսիան եւ Հոլանդիան արդեն հայտարարել են, որ բանակցությունների ընթացքում այդ հարցը բարձրացնելու են», - շարունակեց Մանոյանը: - «Բայց միայն իրենք չեն, որովհետեւ կան նաեւ այլ Եվրամիության անդամ երկրներ, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, եւ նրանց կողմից էլ կարող է բարձրացվել [Ցեղասպանության ճանաչման հարցը]»:

Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց այսօր ՀՅԴ Հայ Դատի խորհրդի՝ Երեւանում սկսված լիագումար նիստը ընդմիջմանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG