Մատչելիության հղումներ

Չճանաչված հանրապետությունների ղեկավարները հանդիպումը կկայանա հունիսին


Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, թե այս ամիս ավելի ուշ տեղի կունենա Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի ղեկավարների հանդիպումը:

«Այդ հանդիպումը ինքնանպատակ չէ, այլ նպատակ ունի ամրապնդել մեր պետականության հիմքերը, փոխհամաձայնեցնել մեր գործողությունները», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, Մոսկվայում չորեքշաբթի օրը ասել է Կոկոյտին՝ հրաժարվելով հստակեցնել հանդիպման ժամկետը եւ վայրը:

Նրա խոսքերով, այժմ այդ հանդիպման շուրջ խորհրդատվություններ են ընթանում Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի ղեկավարների միջեւ:

«Բայց կան որոշակի ուժեր, որոնք ձգտում են սեպ խրել մեր հարաբերություններում: Կարծում եմ, որ դա նրանց չի հաջողվի», - ասել է Էդուարդ Կոկոյտին:

«Ֆրանսպրեսը» հաղորդում է, թե Հարավային Օսիայի նախագահի հայտարարությունը հետեւել է անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարներին ուղղված կոչին՝ «հրաժարվել անկախության ուղուց եւ վերադառնալ Վրաստանի կազմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG