Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը լռություն է պահպանում ռուսական ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու առնչությամբ


Այսօր Հայաստանում որեւէ պաշտոնական մարմին կամ պաշտոնյա չհաստատեց կամ չհերքեց միջազգային լրատվական գործակալությունների հաղորդագրությունները, թե Բաթումի ռուսաստանյան ռազմակայանից հանված ռազմատեխնիկայով ու հանդերձանքով բեռնված գնացքը երեկ երեկոյան Թբիլիսիից ուղղվել է դեպի Գյումրի:

Պաշտոնական Երեւանի միակ արձագանքը այս առնչությամբ հնչել է մեկ շաբաթ առաջ՝ Շվեդիայում, որտեղ, ըստ «Ռոյթեր»-ի թղթակցի, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «չի բացառել հետագայում Վրաստանում տեղակայված ռուսական զորքի տեղափոխումը Հայաստան»:

«Այս պահին որեւէ որոշում կամ քննարկում այդ խնդրի շուրջ չկա, բայց եթե լինի այդպիսի որոշում, Հայաստանի եւ Ռուսաստանի բացառիկ իրավունքն է», - անցած չորեքշաբթի ասել էր Վարդան Օսկանյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն անթույլատրելի է հայտարարել զինտեխնիկայի տեղափոխումը Հայաստան՝ պնդելով, թե դա բացասաբար կազդի Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա եւ կարող է խախտել տարածաշրջանում ռազմաքաղաքական կայունությունը: Ըստ ադրբեջանական «Զերկալո» թերթի, Ադրբեջանը Ռուսաստանին այդ առիթով համապատասխան նոտա է հղել:

Ըստ նույն թերթի, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան է ժամանել հենց ռազմական բազաները Վրաստանից հանելու հարցով:

Ըստ ադրբեջանական թերթի վկայաբերած անանուն տվյալների, Ռուսաստանը նախատեսում է Վրաստանից Հայաստան տեղափոխել 40 տանկ՝ հաշվի առնելով նաեւ Ախալքալակի ռուսական բազաներից ապագայում դուրսբերվելիքները:

Ինչ վերաբերում է Բաթումից դուրս բերվածին, ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը եւ «Ինտերֆաքս»-ը Մոսվկայից ու Թբիլիսիից, վկայակոչելով Հարավային Կովկասում ռուսաստանյան զորքի բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում են, որ գնացքի առաքումը համաձայնեցված է Վրաստանի իշխանությունների հետ:

Հայաստանի նախկին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր այդ կապակցությամբ ասաց. - «Ես կարծում եմ, դա ձեւ են անում [Հայաստանի իշխանությունները]: Շատ լուրջ էլ քննարկվում է երեւի: Շատ [մեծ] ցանկություն էլ կա, որ այդ բազաները տեղափոխվեն Հայաստան»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG