Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՕԵԿ-ի ականջը քաշում են», - վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երբ անցած արտահերթ նստաշրջանի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ոչնչացրեց պետավտոտեսչության համակարգը՝ այն անվանելով վերից-վար կոռումպացված, երբ «Օրինաց երկիր»-ը ողջ կազմով չմասնակցեց այդ նախագծի քվեարկությանն ու տապալեց այն, պարզ էր, որ դա Արթուր Բաղդասարյանին չի ներվելու: Եվ չներվեց»: Ազգային ժողովի նախագահի եղբայրը՝ «Կոմպյուտեր Սիթի» խանութի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պատմել է, թե շաբաթ առավոտյան, երբ իր խանութի դիմաց կանգնած էր իր ընկերոջ անունով ձեւակերպված «BMW» ջիփ մեքենայով, որն ինքն է վարում, պետավտոտեսչության մոտ հինգ մեքենա աղմուկով շրջափակել են ջիփն ու իրեն առաջարկել մեքենայով հանդերձ ներկայանալ տուգանային հրապարակ: «Ինձ ասվեց, որ մեքենան տուգանային հրապարակ են տանում փաստաթղթերը ճշտելու համար: Սակայն այն ձեւը, որով նրանք մոտեցան, խիստ վիրավորական էր», - ասել է Արմեն Բաղդասարյանը: - «Կարծում եմ, բոլորի համար էլ հասկանալի է, որ թե՛ իմ ընկերոջ անունով ձեւակերպված մեքենան ու թե՛ ՕԵԿ-ի շրջապատի տարբեր մարդկանց մեքենաները մեկ օրում տուգանային հրապարակ տանելն ԱԺ նախագահի ելույթին տրված պատասխանն էր»: «Ես չեմ կարծում, որ նման մեթոդներով կարելի է քաղաքական հարաբերություններ կառուցել», - նշել է Ազգային ժողովի նախագահի եղբայրը:


Նախորդ օրը Մոսկվայից Երեւան վերադարձած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առավոտ»-ի հարցազրույցում շեշտադրում է. - «Ես արդեն որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանում հեղափոխությունը հաղթելու է: Այսօրվանից սկսած մենք պատրաստվելու ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների»: «Առավոտի» դիտարկմանը, թե արդյո՞ք 2006 թվականը Հայաստանը կդիմավորի նոր իշխանություններով, Արամ Կարապետյանը պատասխանել է - «Միանշանակ»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով, hայրենի իրականությանը բնորոշ «մեծագույն պարադոքսը քաղաքական դաշտում շարունակաբար սպասվող, բայց այդպես էլ չձեւավորվող արեւմտամետ լուրջ ընդդիմության բացակայությունն է»: Դրան հիմնական պատճառը, ըստ թերթի, այն է, որ «ԱՄՆ-ի ու Եվրամիության ազդեցության մեծացմանը զուգընթաց, Հայաստանում ձեւավորվում են արեւմտամետ-պատեհապաշտների խմբեր, որոնց մեջ հնարավոր չէ գտնել մեզ տվյալ արժեքների համակարգում պատկերացնող ուժեր ու գործիչներ՝ իրենց հստակ գաղափարախոսությամբ ու քաղաքական նպատակներով»:

«Ի տարբերություն տպագիր մամուլի, մեր հեռուստաընկերություններին, չգիտես ինչու, օրենքը չի պարտադրում հրապարակել ֆինանսական հաշվետվությունները: Ընդհանրապես գաղտնիք է, թե որ հեռուստաընկերությունը որքան փող է աշխատում, որքան է ծախսում, եկամուտո՞վ է աշխատում, թե՞ վնասով». - նման հարցադրմամբ անդադառնալով զանգվածային լրատվամիջոցների ստվերային բիզնեսին, «Հայկական ժամանակ»-ը եզրահանգում է. - «Մեր հեռուստաընկերությունները վաղուց շոշափել են իշխանությունների թույլ տեղը եւ եկել երկաթյա համաձայնության` մենք կատարում ենք մեզ վրա դրված խնդիրը, դուք էլ մեզ թողնում եք ստվերում: Բանաձեւը որքան պարզ է, նույնքան էլ հանճարեղ»:

«Ազգ»-ի ընթերցողներից մեկը թերթին հղած նամակում գրում է. - «Արագածի շուրջպարը կլինի ճիշտ եւ իմաստավոր, եթե այնտեղ երդում տրվի, որ այսուհետեւ բոլորս գործելու ենք օրենքի տառին համապատասխան: Հակառակ դեպքում ստացվում է, որ ես ինձ խաբողների, հարստահարողների, կեղծ ընտրություններ, դատավարություններ եւ այլ խարդախություններ կազմակերպողների հետ համերաշխ եմ»:

«Հայոց աշխարհ»-ի փոխանցմամբ, այս տարի հրատարակվելիք մանկական գրքերի ցուցակից մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը «կրճատել» է բազմաթիվ անուններ, որպեսզի դրանց փոխարեն հրատարակվի իր կնոջ՝ կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «նոտաների գիրքը»։ Թերթում նշված է, որ ցուցակից հանված գրքերը նախապես հաստատվել էին գրահրատարակչական հանձնաժողովի կողմից, եւ դրանց հրատարակման համար հատկացված գումարի չափը կազմում է 1 միլիոն 900 հազար դրամ։

Ի պատասխան «Առավոտ»-ի հարցի` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են Ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի տարածքից 3 հազար քառակուսի մետր ինչ-որ տուրիզմի գործակալության օտարելու եւ պատկերասրահի վերին հարկում ռեստորան բացելու վերաբերյալ լուրերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասել է. - «Շրջանառվող լուրերին ես եւս տեղյակ եմ։ Ասեմ միանգամից՝ կտրականապես դեմ եմ պատկերասրահը եւ թանգարանը առուծախի առարկա դարձնելու նման մոտեցմանը եւ, բնականաբար, կառավարությունում այդպիսի հարց չի քննարկվել»։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, մինչ վարչապետի որդին պատրաստվում է ստանձնել Ավանի թաղապետի պաշտոնը, վարչապետի դուստրը` 31-ամյա Անի Մարգարյանը, ավարտին է հասցնում երկհարկանի «Զիզիկի-բիզիկի» մանկական սրճարան-ռեստորանի շինարարությունը: «Այսպիսով, բացահայտվում են Անդրանիկ Մարգարյանի հնգամյա վարչապետական գործունեության արդյունքները, եւ համաձայնեք, որ նրա պաշտոնավարության առաջին տարիներին Հայաստանում գրանցված գործարար ակտիվության աճն անշեղորեն շարունակվում է», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG