Մատչելիության հղումներ

Հայաստանում «շարունակում է ոտնահարվել խղճի ազատությունը»


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ վերահաստատելով նախորդ զեկույցի պնդումը, թե Հայաստանում «ոտնահարվում է խղճի ազատության իրավունքը»:

Նախորդ տարվա զեկույցից փոխանցվել են նաեւ 2003 թվականի ապրիլյան իրադարձությունների գնահատականները:

Amnesty International-ի զեկույցն արձանագրում է, որ «2004 թվականի փետրվարից ի վեր Հայաստանի ընդդիմության պատգամավորները բոյկոտի են ենթարկում խորհրդարանում օրինաստեղծ աշխատանքը՝ «բողոքելով երկրի նախագահի վստահության հանրաքվե անցկացնելը մերժելու դեմ»:

«Այդուհետ ընդդիմադիր ուժերը երկամսյա բողոքի արշավ սկսեցին՝ զանգվածային հասարակական բողոքներով, ցույցերով ու երթերով՝ պահանջելով նախագահի հրաժարականը», - գրում են զեկույցի հեղինակները: - «Տասնյակ ակտիվիստներ ու նրանց աջակիցներ՝ այդ թվում կանայք ծեծի ու դաժան վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանության կողմից»: Սակայն իշխանությունները, ըստ Amnesty International-ի, այս ամենը որակեցին «հեղաշրջման փորձ» եւ քրեական գործ հարուցեցին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նկատմամբ:

«Հետաքննությունը, ստացված տեղեկությունների համաձայն, ավարտվել է սեպտեմբեր ամսին՝ առանց որեւէ մեղադրանքի ներկայացման», - փաստում են զեկույցի հեղինակները:

Amnesty International-ի զեկույցում նշվում է նաեւ, որ հոկտեմբեր ամսին (2004 թվականի)՝ 9 տարվա սպասումից հետո, Հայաստանի արդարադատության նախարարությունը վերջապես գրանցել է «Եհովայի վկաներին»: Նշվում է, այդուհանդերձ, որ 2004 թվականին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել 13 մարդ («Եհովայի վկաներից»)` զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, թեեւ 2003 թվականին երկրի խորհրդարանն ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG