Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները «դավաճանություն» են համարում Հայոց ցեղասպանության հարցով գիտաժողովի անցկացումը Ստամբուլում


Թուրքիայի արդարադատության նախարար Սեմիլ Չիչեկը «դավաճանության» մեջ է մեղադրել Ստամբուլի Բողազիջի համալսարանի կողմից մայիսի 25-27-ը Ստամբուլում ծրագրված «Կայսրության փլուզման շրջանում օսմանյան հայերը. գիտական պատասխանատվության եւ ժողորվդավարության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին: PanARMENIAN.Net ինտերնետային էջը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարը, տեղեկացրել է, թե իշխանությունների ճնշմամբ, գիտաժողովը չի կայացել:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Չիչեկը քննադատել է գիտաժողով անցկացնելու նախաձեռնությունը, որը «կարող է հարված հասցնել Թուրքիայի կառավարության ջանքերին՝ հակազդելու սպանությունները միջազգայնորեն որպես ցեղասպանությունը ճանաչելու հայերի քարոզարշավին, ինչը, իր հերթին, կարող է խոչընդոտ հանդիսանալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը»:

«Դա Թուրքիայի ժողովրդի թիկունքին խրված դաշույն է… դա անպատասխանատվության դրսեւորում է: Մենք պետք է դադարեցնենք դավաճանության եւ վիրավորանքի շրջանը, Թուրքիայի ժողովրդի դեմ իր իսկ մասը կազմող մարդկանց կողմից քարոզչության տարածումը», - հայտարարել է Չիչեկը:

Իշխանությունների քննադատությանը միացել են նաեւ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները:

Հնչած քննադատության կապակցությամբ հայտարարության մեջ գիտաժողովի կազմակերպիչները նշել են, թե «ժամանակն է, որ Թուրքիայի գիտնականները եւ մտավորականները հայերի սպանդի հարցում հնչեցնեն իրենց համատեղ ձայնը, որը կտարբերվի պաշտոնական տեսակետից»:

«Քննադատական եւ այլընտրանքային կարծիք արտահայտելուց Թուրքիան միայն օգուտ կստանա, քանի որ կապացուցի, թե բազմակարծության տեսանկյունից որքան հարուստ է Թուրքիայի հասարակությունը», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG