Մատչելիության հղումներ

Բաքվում կստորագրվի Կարս - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը


Չորեքշաբթի օրը Բաքվում կստորագրվի Կարս - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, եռակողմ համաձայնագիրը կստորագրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի եւ Վրաստանի նախագահներ Ահմեդ Նեջեթ Սեզերը եւ Միխեիլ Սահակաշվիլին:

Կարս - Թբիլիսի - Բաքու երկաթուղին դիտվում է որպես Հարավային Կովկասը Թուրքիային կապող Կարս - Գյումրի երկաթուղու այլընտրանք: Թուրքիան Վրաստանը եւ Ադրբեջանը նախատեսում են երկաթուղի կառուցել Կարսի ու Ախալքալակի միջեւ եւ վերանորոգել Ախալքալակ - Մարաբդա (Թբիլիսիից ոչ հեռու) գոյություն ունեցող, բայց գրեթե չգործող երկաթգիծը:

Կարս - Ախալքալակ կառուցվելիք երկաթգծի ամբողջ երկարությունը կազմում է մոտ 258 կիլոմետր, որից 160-ը Ախալքալակ - Մարաբդա երկաթգծի երկարությունն է: Կառուցվելիք 98 կիլոմետրից 68-ը Թուրքիայի տարածքով է անցնելու, իսկ 30-ը՝ Վրաստանի Ջավախքի երկրամասով: Երկաթուղու կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, պահանջվում է մոտ 400 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG