Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «ափսոսանք է հայտնում» Բաքվում ընդդիմադիրների հավաքը ուժով ցրելու կապակցությամբ


«Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի կառավարությունը մերժել է խաղաղ ցույց անցկանցնելու՝ երկրի ընդդիմության խնդրանքը: Ցավալի է նաեւ, որ ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների փոքր խմբերը ցրելու, չարտոնված ցույցի մասնակիցներին կալանելու համար», - երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը՝ Բաքվում անցած շաբաթավերջին ընդդիմության հավաքը ցրելու առնչությամբ:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Պետքարտուղարության խոսնակը նաեւ նշել է, թե «Միացյալ Նահանգները կրկին կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հարգել սեփական ժողովրդի՝ խաղաղ եւ ազատ գործելու իրավունքը՝ հույս հայտնելով, որ կալանվածների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված ընթացակարգերը»:

«Իշխանությունների մոտեցումը ցույցին եւ դրա մասնակիցներին կալանելու որոշումը, մեր կարծիքով, հակասում է ժողովրդի խաղաղ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքը հաստատող՝ մայիսի 11-ին նախագահ Ալիեւի ստորագրած օրենքի ոգուն», - հայտարարել է Բաուչերը:

Շաբաթ օրը Բաքվի իշխանությունները ցրել էին ընդդիմադիր «Մուսավաթ», «Ազգային ճակատ» եւ Ժողովրդավարական կուսակցությունների համատեղ բողոքի ցույց-երթը, որի մասնակիցները իշխանություններից պահանջում էին բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ապահովել ցույցեր եւ երթեր իրականացնելու իրավունքը, ստեղծել անկախ Հանրային հեռուստատեսություն եւ պատժել «Մոնիտոր» ամսագրի խմբագիր Էլմար Հուսեյնովին սպանողներին:

Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթի փոխանցմամբ, ոստիկանությունը անհարկի ուժ է կիրառել, տասնյակ ցուցարարներ կալանվել են:

Իսկ «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, թե իշխանությունները չեն արտոնելու նաեւ ադրբեջանական ընդդիմության՝ հունիսի 4-ին նախատեսված նմանատիպ ցույց-երթը: Անդրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի խոսքերով, պատճառն այն է, որ «ցույց անցկացնելու ընդդիմության ցանկությունը պայմանավորված չէ ժողովրդավարական բարեփոխումների հասնելու ձգտումով»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG