Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը մտահոգված է ընդդիմության ցույցը չարտոնելու կապակցությամբ


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Բաքվի գրասենյակը հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ մտահոգություն է արտահայտել մայրաքաղաքի իշխանությունների կողմից ընդդիմության ցույցը չարտոնելու որոշման կապակցությամբ:

Բաքվի քաղաքապետանը հրաժարվել է արտոնել ընդդիմադիր Ucler
(«Երեք») ընտրական դաշինքի հանրահավաքը մայիսի 21-ին՝ խորհուրդ տալով հետաձգել այն, քանի որ «նպատակահարմար չէ հանրահավաք անցկացնել Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի բացումից մի քանի օր առաջ»:

«Բաքվի քաղաքապետի որոշումը հակասում է երկրի նախագահի՝ 2005 թվականի մայիսի 12-ի հրահանգին, որով նախագահը տեղական մարմիններին հանձնարարել է արտոնել քաղաքական ցույցերը եւ տարածքներ տրամադրել դրանց անցկացման համար», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը համարում է, որ հավաքներ անցկացնելու ազատությունը կապված է ոչ միայն նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ. այդ իրավունքը հարկավոր է վերականգնել՝ որպես քաղաքացիների հիմնական քաղաքական իրավունք:

Ընդդիմության ղեկավարները հայտարարել են, որ չեն հրաժարվելու ծրագրված միջոցառման անցկացումից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG