Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Երկրի նախագահի ստորագրելուց հետո՝ հունիսի 1-ից կսկսի գործել փոփոխված Ընտրական օրենսգիրքը, որն այսօր ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովը: Հունիսի 15-ին արդեն այն կենթարկվի առաջին մասնակի փորձությանը՝ Երեւանի երեք համայնքապետերի ընտրություններում:

Ամեն դեպքում, նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կձեւավորվի մինչեւ հուլիսի 1-ը, դրանից հետո՝ մյուս բոլոր ընտրական հանձնաժողովները:

Ներկայումս ԿԸՀ անդամները նշանակված են հետեւյալ կերպ. մեկական անդամ՝ խորհրդարանի վեց խմբակցություններից, երեք անդամ՝ երկրի նախագահի կողմից: Նոր հանձնաժողովում, բացի խմբակցությունների նշանակած անդամներից, մեկ անդամի նշանակելու է նաեւ, փաստորեն, «Ժողպատագամավոր» խումբը, մեկ անդամի նշանակելու է երկրի նախագահը, մեկին՝ Վճռաբեկ դատարանը:

Ազգային Ժողովի նոր ընտրություններից հետո կամ եթե մինչ այդ լուծարվի «Ժողպատգամավոր» խումբը, դրա տեղն անցնում է Դատարանների նախագահների խորհրդին:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ, փոփոխությունները երեկ եւ այսօր նիստերում զեկուցած պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ եվրոպական փորձագետներն այս նոր կարգը համարել են «բարելավում»:

«Քանի որ այն մեծացնում է քաղաքական պլյուրալիզմը», - փաստարկեց նա:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ընտրական հանձնաժողովներում տեղ ստանալը կարելի է մեկնաբանել որպես ոչ քաղաքական ուժի քաղաքական հավակնություն («ժողպատգամավոր» խումբը կազմված է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից):

«Պառլամենտը բացառապես քաղաքական մարմին է, եւ քաղաքական մարմնում ոչ քաղաքական միավորներ չեն կարող լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, սակայն, խորհրդարանում քաղաքական միավորներ են միայն խմբակցությունները, իսկ ոչ քաղաքական միավորը չպետք է իրավունք ունենա անդամ նշանակել ԿԸՀ-ում:

Կարեն Կարապետյանը, մինչդեռ, չբացառեց, որ հետագայում խումբը կուսակցություն ստեղծի եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի:

Դեռեւս գործող Ընտրական օրենսգրքի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե գո՞հ է այս փոփոխություններից, պատասխանեց, թե «հանձնաժողովների ձեւավորման նոր կարգն անընդունելի է»:

«Քանի որ հանրապետության նախագահին տրվում է [իրավունք] նշանակելու մեկ անդամի, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների հավասարության սկզբունքին», - փաստարկեց նա՝ բացատրելով. - «Քանի որ կարող է լինել նախագահի [կողմից] առաջադրված թեկնածու, որը, բնականաբար, հանձնաժողովում կարող է տեղ չունենալ»:

Իսկ այն, որ երկրի նախագահը երեքի փոխարեն այժմ մեկ անդամ է նշանակելու, Դալլաքյանի բնորոշմամբ՝ «ձեւական առաջընթաց է». պատգամավորական խումբը կարող է լինել իշխանամետ, իսկ հանձնաժողովում անդամ նշանակելու իրավունք ստացող մյուս երկու մարմինները «հանրապետության նախագահի համար դեկորացիա են»:

«Այդ երկու անդամների նշանակումը դարձյալ տեղի է ունենալու հանրապետության նախագահի կողմից», - ավելացրեց նա:

Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, այս հարցի քննարկումը բոյկոտում էր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG