Մատչելիության հղումներ

Լարվածությունը Ուզբեկստանում պահպանվում է


«Կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը Անդիժանում: Այսօր Անդիժանի բանտ կամավոր ներկայացել են մայիսի 13-ին խռովարարների կողմից ազատ արձակված 266 բանտարկյալ: Մեր կողմից ձերբակալվել են խռովության 70 կազմակերպիչներ», - երկուշաբթի օրը հայտարարել է Ուզբեկստանի ներքին գործերի նախարար Զաքիր Ալմատովը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը Ուզբեկստանի Անդիժան քաղաքում սկսված հուզումները իշխանությունների կողմից ճնշվել են: Զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուրի:

«Այս ընթացքում իրավապահների կողմից զոհվել է 10 մարդ, հանցագործների զոհերը, իհարկե, ավելի շատ են», - շաբաթ օրը Տաշքենտում հայտարարել էր Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը՝ կատարվածի պատասխանատվությունը դնելով «Հիզբ ուտ-Տահրիր» իսլամական խմբավորման վրա: Լոնդոնում «Հիզբ ուտ-Տահրիր»-ի ներկայացուցիչ Իմրան Վահիդը հերքել է այդ մեղադրանքները:

Ուրբաթ գիշերը մի խումբ զինված մարդիկ կեսգիշերից հետո հարձակում են գործել են Անդիժանի ուղղիչ-աշխատանքային գաղութի վրա՝ ազատ արձակելով այնտեղ գտնվող շուրջ 2 հազար բանտարկյալների: Ծագած փոխհրաձգության արդյունքում 9 մարդ զոհվել էր, եւս 23-ը՝ վիրավորվել: Գիշերային հարձակման նպատակը ծայրահեղականության մեջ մեղադրված 23 գործածարներին ազատելն էր:

Ավելի ուշ զինված խումբը գրավել էր Անդիժանի քաղաքապետարանի եւ անվտանգության ծառայության շենքերը: Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել են շուրջ 50 հազար ցուցարարներ, որոնք պահանջում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հրաժարականը:

Հաղորդվում է նաեւ, որ շաբաթ օրը Անդիժանի իրադարձությունների հետ կապված բողոքի ցույցեր են տեղի ունենցել Ղրղըզստանի հետ սահմանամեր Կարասու քաղաքում, որտեղ բնակիչները հարձակում են գործել տեղական ինքնակառավարման եւ ուժային մարմինների շենքերի վրա, այրել մի քանի ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG