Մատչելիության հղումներ

Պետդուման առաջարկում է կոշտ միջոցներ իրագործել Վրաստանի նկատմամբ


Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը այսօրվա նիստում ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երկրի կառավարությանը հասցեագրած հատուկ ուղերձ Վրաստանում ռուսական ռազմակայանների շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Վրաստանի քաղաքական գործիչների անպատասխանատու ելույթները եւ գործողությունները խափանում են խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, փակուղի են մտցնում ռուս-վրացական հարաբերությունները, սպառնում են Ռուսաստանի շահերին, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը», - ասված է Պետդումայի ուղերձում: - «Ռուսական ռազմակայանների նկատմամբ Վրաստանի իշխանությունների միակողմանի քայլերը կարող են սպառնալ ռուսաստանցի զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների առողջությանն ու կյանքին: Ռուսաստանի կենսական շահերի դեմ ուղղված այդօրինակ վտանգը Ռուսաստանի Դաշնությանը տալիս է միջազգային իրավունքների սահմաններում համարժեք պատասխան քայլերի դիմելու իրավունք»:

Ուղերձում առաջարկվում է Վրաստանի կողմից միակողմանի գործողությունների դեպքում Թբիլիսիից՝ խորհրդակցությունների նպատակով, ետ կանչել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, անմիջապես դադարեցնել Ռուսաստան մեկնող Վրաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը, ձեռնարկել քայլեր առանց պատկան մարմինների թույլտվության եւ գրանցման Ռուսաստանի տարածքում գտնվող Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստանից վտարելու ուղղությամբ, Վրաստան էլեկտրաէներգիա եւ էներգակիրներ մատակարարել միջազգային սակագներով՝ չբացառելով մատակարարումները կրճատելու հնարավորությունը:

«Վրացական կողմի մեղքով իրավիճակի վատթարացման պարագայում Ռուսաստանն ունի այլ՝ է'լ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու իրավունք», - նախազգուշացնում են Պետական դումայի պատգամավորները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG